«Sensormatic» անվտանգության ծառայությունների ընկերությունը տեղեկություններ է հրապարակել Թուրքիայի մանրածախ առևտրի ոլորտում կատարվող գողությունների վերաբերյալ:
Նշենք, որ տվյալ ընկերությունն ապահովում է Թուրքիայի առևտրի կենտրոններում գտնվող վաճառակետերի 55 տոկոսի անվտանգությունը: Թուրքական «Businessht.com.tr» կայքի փոխանցմամբ՝ անցյալ տարի ողջ աշխարհում մանրածախ առևտրի ոլորտում գողացված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է 123 մլրդ դոլար:
Ըստ կանխատեսումների՝ 2016թ. այդ ցուցանիշը ողջ աշխարհում կհասնի 150 մլրդ դոլարի, իսկ մասնավորապես Թուրքիայում՝ 2.5 մլրդ դոլարի: Եթե Թուրքիայի վերաբերյալ կանխատեսումն իրականանա, ապա այդ ցուցանիշը 400 մլն դոլարով կգերազանցի 2015թ. արդյունքները: Ուշագրավ է, որ մանրածախ առևտրի կենտրոններից ամենից շատ գողանում են ըստ հերթականության՝ ձմեռային վերնահագուստ, մանկական սնունդ և տակդիրներ, անձնական հիգիենայի պարագաներ, երշիկեղեն և այլ մսամթերք:
Հատկանշական է, որ մանրածախ առևտրի ոլորտում հագուստի և սննդի գողությունը խոսում է հասարակության տնտեսական վիճակի մասին և հատկապես մեծ ծավալների է հասնում գաղթերի ու տնտեսական ծանր պայմանների դեպքում: Ըստ վիճակագրության՝ 2004-2007թթ., երբ երկրի տնտեսական վիճակը համեմատաբար կայուն էր, այս ոլորտում գողությունները նկատելիորեն նվազել էին: Մինչդեռ այժմ, ինչպես նշում է «Sensormatic» ընկերության տնօրենը, գողությունները ռեկորդային մասշտաբների են հասնում:
Հատկապես ձմռանը հագուստի վաճառքի կետերում 49 տոկոս կորուստ է գրանցվում: Որպես կանոն՝ գողացվում են ոչ թե բրենդային կամ շատ թանկ ապրանքները, այլ առաջին անհրաժեշտության իրեր: Գողություն կատարողները մեծ մասամբ պատկանում են 17-24 տարիքային խմբին: Վերջին երկու տարում Թուրքիայում գողության պատճառով 17.000 մարդու էլեկտրոնային ձեռնաշղթա են հագցրել:
Աղբյուր` Ermenihaber