▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԴ անդամը` ՀՀ-ում միասեռ ամուսնությունները թույլ տալու մասին

Սահմանադրական բարեփոխումներն ավարտին են մոտենում, մնացել է հանձնաժողովի կաղմից  եզրափակիչ դրույթների մշակումը, որից հետո նախագիծը կներկայացվի ՀՀ նախագահին, ապա կտրամադրվի ԱԺ-ին, որն էլ կքննարկի և հավանության դեպքում Նախագահի կողմից կդրվի հանրաքվեի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը, ում կարծիքով՝ հանրաքվեն կարող է լինել նոյեմբերի վերջին, քանի որ այդ ժամանակ համայնքներում ընտրություններ են:

ՍԴ անդամի խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտություն են.

«Առաջին փաստարկն այն է, որ երկիրը գերկենտրոնացված իշխանություն ունի և առաջին գործը, որ պետք է արվի, քաղաքական համակարգի ապակենտրոնացումն է: Երկրորդը մեր իշխանության գերանձնավորվածությունն է: Իսկ հիմնական խնդիրը, որն անհրաժեշտ է, դատական իշխանության անկախության նոր երաշխիքներն են: Կարևոր փոփոխություն է դատական խորհրդի ստեղծումը: Երկրում, բացի ՍԴ անդամներից, բոլոր դատավորները նշանակվելու և ազատվելու են բարձրագույն խորհրդի եզրակացության հիման վրա: Ընդլայնվել է քաղաքացիների՝ ՍԴ դիմելու ծավալը: Եթե մինչև հիմա քաղաքացիները մեզ կարող էին դիմել միայն օրենքի սահմանադրականության հարցով, ապա այսօր նախատեսում ենք, որ քաղաքացիները կարող են դիմել ՍԴ՝ սահմանադրական ցանկացած մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտի վերաբերյալ, որ սահմանադրականությունը պետք է ՍԴ-ն նայի: Մտահոգությունն այն է, որ  սա կհանգեցնի ՍԴ-ի ծանրաբեռնվածությանը և խնդիրներ կառաջացնի, ՍԴ-ն կարող է թաղվել դիմումների տակ: Բարձր գնահատական չեմ կարող տալ Տեղական ինքնակառավարման համակարգի մասին, որի զարգացման համար, ամեն դեպքում, երաշխիքներ չկան»,-նկատեց Ֆելիքս Թոխյանը:

ՍԴ անդամը կիսում է սահմանադրագետ Գաբրիել Բալայանի այն մտահոգությունը, որ անհասկանալի է, թե ինչու է խաղաղ պայմաններում պաշտպանության ոլորտի պատասխանատվությունը դրվում  Ազգային անվտանգության խորհրդի վրա, իսկ պատերազմական ժամանակ ՝ հանկարծ այդ լիազորությունները տրվում են վարչապետին:

«Ես խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից չեմ: Քանի դեռ մեր երկիրը կիսապատերազմական վիճակում է, մեզ անհրաժեշտ է լինելու օպերատիվ և որակյալ որոշումներ կատարել, ինչը մեծապես ապահովում է նախագահական կառավարման համակարգը: Ամեն դեպքում, այսպիսի համակարգ է նախատեսվել, թե ինչպես  կաշխատի՝ դժվար է կանխատեսել: Ասեմ նաև, որ Ազգային անվտանգության խորհուրդ չի լինելու, լինելու է Անվտանգության խորհուրդ, ղեկավարը լինելու է վարչապետը»: 

Անդրադառնալով Ազգային ժողովին, Ֆելիքս Թոխյանը նշեց, որ սա միակ մարմինն է, որ ունենում է ժողովրդի առաջնային մանդատ՝ ի տարբերություն նախագահի:

ՍԴ անդամն անդրադարձավ նաև միասեռականների ամուսնություններին՝ ասելով.

«Մեր Սահմանադրությունը միասեռ ամուսնություններ թույլ չի տալու.ով որ մտահոգություն է հայտնում՝ նախագիծը լավ չի կարդացել»:

Անի Կարապետյան

Անդրադառնալով Ազգային ժողովին, Ֆելիքս Թոխյանն ասաց, թե սա միակ մարմինն է, որ ունենում է ժողովրդի առաջնային մանդատ, ի տարբերություն նախագահի: Նա կրկնեց, որ պատգամավորների լողացող թիվը կտատանվի 101-198, և ինքը լավագույն ձևը համարում է ռեյտինգային համամասնական ընտրությունները:
ԱԺ-ի՝ երկրի հիմնական քաղաքական մարմին դառնալը Ֆելիքս Թոխյանը ողջունում է, ինչպես նաև պաշտոնյաների երեք հինգերորդով ընտրությունը: Սա, ըստ նրա, իշխանությանն ավելի կոմպրոմիսային կդարձնի:
 
«Ուզես-չուզես քաղաքական մեծամասնությունը պետք է գնա կոալիցիայի, համաձայնությունների ընդդիմության հետ, որ հարցի լուծումը լինի, այլապես, դու չես կարող որևէ բարձրաստիճան անձի նշանակում անես: Սա բարձրացնում է ընդդիմության դերակատարումը»,- մեկնաբանեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more