▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԴՕԿ կուսակցությունը Վարդան Ղուկասյանի կյանքի և առողջության սպառնալիքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

ԴՕԿ կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ.

«Վարդան Ղուկասյանի կյանքի և առողջության սպառնալիքի վերաբերյալ
Ավելի քան վեց ամիս է, ինչ Վարդան Ղուկասյանը, իր նկատմամբ հարուցված միգրացիոն վարույթի շրջանակում, պահվում է վարչական կալանքի տակ՝ ԱՄՆ միգրացիոն կալանքի հաստատությունում։
Վարչական կալանքը իր բնույթով նախատեսված է կարճաժամկետ ժամանակահատվածի համար՝ օրերի կամ շաբաթների կտրվածքով։ Վարդան Ղուկասյանը, սակայն, պահվում է փաստացի բանտային ռեժիմով՝ զրկված լինելով արևի լույսից և օրական մեկ ժամից ավելի զբոսանքի հնարավորությունից։ Վերջինիս առողջական վիճակը կտրուկ վատթարացել է․ արյան ճնշումը տևական ժամանակ գերազանցում է 200-ը։ Այս պայմաններում վարչական կալանքը վերածվել է հաշվեհարդարի և հավասարազոր է խոշտանգման։
ԱՄՆ Գերագույն դատարանի նախադեպային վճիռներով՝ Zadvydas v. Davis (2001) և Clark v. Martinez (2005), հստակ ամրագրված է, որ վարչական կալանքը չպետք է լինի անորոշ կամ անհամաչափ։ Վեց ամսից ավելի կալանքը համարվում է անօրինական և հակասահմանադրական։
Բացի այդ՝
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (ICCPR) 9-րդ հոդվածը երաշխավորում է անձի ազատության իրավունքը և պահանջում, որ վարչական կալանքը լինի ողջամիտ և համաչափ։
Խոշտանգումների դեմ կոնվենցիայի (CAT) 16-րդ հոդվածը արգելում է ոչ միայն խոշտանգումները, այլև դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը։
Վերը նշված հանգամանքները վկայում են, որ Վարդան Ղուկասյանի վեցամսյա վարչական կալանքը, նրա պահման պայմանները և առողջության կտրուկ վատթարացումը հակասում են ինչպես ԱՄՆ ներքին իրավունքի պահանջներին, այնպես էլ միջազգային պարտավորություններին։
Իրավական պատասխանատվություն
Վարդան Ղուկասյանի կալանքի պայմանների և դրա տևողության համար իրավական պատասխանատվություն են կրում՝
Department of Homeland Security (DHS) – միգրացիոն կալանքների քաղաքականության գլխավոր պատասխանատու մարմին,
Immigration and Customs Enforcement (ICE) – անմիջական վերահսկող և վարչական կալանքի իրականացնող մարմին,
Department of Justice (DOJ), Executive Office for Immigration Review (EOIR) – միգրացիոն դատարանների գործունեության վերահսկող մարմին,
Department of State (DOS) – միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման պատասխանատու մարմին։
Եզրակացություն
Վարդան Ղուկասյանի վարչական կալանքը, որն արդեն գերազանցել է վեց ամիսը, ինչպես նաև վերջինիս նկատմամբ դրսևորվող անմարդկային վերաբերմունքը, հակասում են ԱՄՆ Գերագույն դատարանի նախադեպային իրավունքի պահանջներին և միջազգային իրավական նորմերին։
Սույնով դիմում եմ վերոհիշյալ կառույցներին՝
անմիջապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Վարդան Ղուկասյանի կյանքի և առողջության համար առկա ակնհայտ ու իրական վտանգի վերացման ուղղությամբ։
Վերջինիս իրավունքների պաշտպանությունն ունի ոչ միայն իրավական, այլև լայն հասարակական նշանակություն, հաշվի առնելով, որ Վարդան Ղուկասյանը մեծ թվով համակիրներ և հետևորդներ ունի Միացյալ Նահանգներում և դրանից դուրս։
Հարգանքով՝
Վարդան Ղուկասյանի փաստաբան
Լևոն Բաղդասարյան»:

Դիտեք նաև՝

***

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more