▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա համահայկական հեռուստամարաթոն չէ...

«Իմ Արցախը» խորագիրը կրող «Հեռուստամարաթոն-2016» - ի արդյունքում, որը 19-րդն է մարաթոնի պատմության մեջ, հավաքագրվել է 15 միլիոն 428 հազար 777 դոլար:

Կարելի է կարծել, թե , իրոք, տպավորիչ թիվ է, մանավանդ, որ սփյուռքահայության որոշ ներկայացուցիրներ ու նաև հայաստանյան մի քանի գործիչներ  կոչ են անում բոյկոտել «Հայաստան» հիմնադրամը և հանգանակություններ անել այլ ճանապարհներով:

Սակայն, եթե հաշվի առնենք, որ մարաթոնի ընթացքում միայն 5 միլիոն դոլար  կատարել է ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանը, իսկ մնացած մեծ գումարներ նվիրաբերածներն՝ այդ թվում «Տաշիր» գրուպի հիմնադիր Սամվել Կարապետյանն՝ իր հատկացրած  1 միլիոն ԱՄՆ դոլարով, մշտապես օգնում են Հայաստանին, իսկ ոմանք էլ՝ այդ թվում 200.000 ԱՄՆ դոլար փոխանցած Սամվել Ալեքսանյանը՝ հլու-հնազանդ  անում են այն, ինչ իշխանություններն են պարտադրում, ապա հավաքված գումարով ոգևորվելն առնվազն միամտություն է: 

Եթե անկեղծ լինենք՝ սա համահայկական հեռուստամարաթոն չէ,  որովհետև համահայկական լինելու դեպքում հավաքված գումարը կրկնապատիկը պետք է լիներ ու նույնիսկ ավելին: 

Եվ  ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհի տարբեր անկյուններում ապրող հարյուր հազարավոր հայերի կողմից հանգանական 1 կամ 5 դոլարն ավելի արժեքավոր պետք է լիներ, քան Սամվել Ալեքսանյանի կամ մեկ այլ օլիգարխի փոխանցած  տասնյակ հազարավոր դոլարները: 

...Սակայն այդպես չի լինում, քանի որ՝ եթե ոչ հազարավոր, գուցե տասնյակ կամ հարյուրավոր   հայեր դեռ հարցեր ու կասկածներ ունեն, որոնք  Հայաստանն ու «Հայաստան» հիմնադրամը կամ արհամարում է, կամ՝ անտեսում:

Օրինակ, ոմանց համար անընդունելի ու անընկալելի է, որ «Հայաստան» համահայկական  հիմնադրամի ղեկավարը Երևանում թանկ ռեստորաններ ունի, ինչի մասին մամուլը գրել է ժամանակին:

Սակայն այս մտահոգությանը, որը առաջին հերթին սփյուռքահայերից էր հնչել, իշխանությունում  անտարբեր են գտնվել ու գտնվում, քանի որ հայաստանյան պատկերացումներով՝ պաշտոնյան ոչ միայն իրավունք ունի, այլ նաև՝ լավ է անում ու չուզողի աչքն է հանում, երբ բիզնեսով է զբաղվում: 

Իսկ թե ոնց և երբվանից, սա , միայն մտահոգ քաղաքացիներին է հետաքրքրում... 

Ի դեպ, հետաքրքիր է, թե ինքը՝ Արա Վարդանյանն՝ իր կամ իր ռեստորանների անունից երբևէ հանգանակություն կատարե՞լ է  «Հայաստան» համահայկական հիմնադրամին... 

 

Հեղինակ՝ Ա.Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more