▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստորեն, մենք այնքան էլ ստրուկ չենք, ինչպես երևում է

Իմ ծննդից մինչև մահը կապված է մի լար, երևակայությունս լարախաղացի նման անվերջ գնում-գալիս է այդ լարի վրա։

Ու հիմա, երբ մեռնում եմ, չգիտեմ ո՞ր ձողին, ո՞ր ծառին, ո՞ր օղին կապեմ հեգ ձիուս սանձը, որ իմ մահվանից հետո էլ գնա գա կյանքիս լարի վրա։

Լեռ Կամսար

Լույս է տեսել հայ երգիծաբանության ամենափայլուն դեմքերից մեկի՝ Լեռ Կամսարի «Չապրած օրերը» գիրքը, որն ընդգրկում է հեղինակի անտիպ օրագրությունը՝ 1945 թվականից մինչև 1947 թվականը: Անտիպ ձեռագրերը հավաքել ու կազմել է Վանուհի Թովմասյանը, տեքստը մշակել է Արմեն Քեշիշյանը, խմբագրել ու սրբագրել է իրավաբան Հայկ Խեմչյանը, նկարազարդել է նկարիչ Գևորգ Մշեցի-Ջավրուշյանը:

«Նա վատ էր ապրում, խոշտանգումների էր ենթարկվում, բայց չէր դադարում գրելը: Գիտեք, նա էլ կարող էր մյուսների պես գրել այն, ինչ կառավարությունն էր ցանկանում, բայց մտածում էր սերունդների մասին: Ես որ դեռ չէի կարդացել Լեռ Կամսար, լրիվ ուրիշ մարդ էի, իսկ հիմա այնքան եմ բյուրեղացել, զգում եմ, որ կարգին մարդ եմ դառնում: Այնպես կուզեի, որ նրա ստեղծագործություններին անդրադառնային դպրոցներում ու ԲՈՒՀ-երում, դրանք ընդգրկված լինեին դասագրքերում: Հավատացե՛ք, անկեղծ, մաքուր ու անկաշկանդ սերունդ կլիներ»,-խոսելով պապի մասին՝ ասաց նրա թոռնուհին՝ Վանուհի Թովմասյանը:

«Ինձ թվում է՝ Լեռ Կամսարը գերեզմանում շուռ է եկել, երբ իմացել է, որ իր գիրքը խմբագրել ու սրբագրել է մասնագիտությամբ իրավաբանը: Չէ՞ որ նրան ցավ են պատճառել, խոշտանգել են  իրավաբաններն ու իրավապահները, ոչնչացրել են գործերը ու մեկ էլ պարզվում է, որ տարիներ հետո իր գրքի վրա աշխատելու է ոմն իրավաբան»,- նշեց  գրքի խմբագիր ու սրբագրիչ Հայկ Խեմչյանը:

Գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանն էլ հավելեց. «Գրողներ կան, որոնց ճակատագիրն ու գրականությունը շատ նման են իրար: Լեռ Կամսարն ունեցել է դժվար կյանք և իր գրականությունն ունեցել է դժվարին ճակատագիր:

Այն, ինչ արել է Լեռ Կամսարն իր օրագրություններով, ես սխրանք կանվանեի: Բացառիկ երևույթ է: Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց ու հնարավոր դարձավ հրապարակել այն գրքերն ու գործերը, որոնք մերժված են եղել, պարզվեց Հայաստանի Գրողների միությունը  որևէ մեկ գործ չունի, որ մերժված լինի: Սա խոսում է մեր բարոյական նկարագրի մասին: Սարսափելի երևույթի հետ գործ ունենք: Մեր ժողովուրդը վերջին 100-ամյակում անասելի տառապանքների միջով է անցել: 30-ական թվականներին այս սովահար ժողովրդին կուլակաթափ էին անում, հետո էլ՝ աքսորում: Եվ այդ ողբերգության մասին գրել են միայն այն գրողները, որոնք աքսորված էին.Լեռ Կամասար, Գուրգեն Մահարի, Մկրտիչ Արմեն...Մնացյալ գրողներին դա չի հետաքրքրում և չի հուզում: Գալիս է 1949 թվականը.մարդկանց են աքսորում.հայ գրականությունը դա չի տեսնում: Վեպեր են գրում՝ «Ոսկե հովիտ», «Ոսկե հնձան» և այլն: Հետպատերազմյան Հայաստանում հոլիվուդյան ֆիլմերի իրականությունն է, բայց ահա մի վտիտ մարդ համարձակորեն ասում է այն, ինչ մտածում է, իրականությունը ներկայացնում է այնպես, ինչպես տեսնում է: Նա ստեղծել է փառահեղ տարեգրություն: Մեկ հատված ներկայացնեմ.«Ասում է՝ կարգին բանտ ունեինք, ազգի մաքուր մարդիկ էին այնտեղ նստած: Թաղամասում մի սրիկա կար, բռնեցին 8 տարով տարան: Հիմա այդ բանտը գնալ կլինի՞: 8 տարի ոչինչ չպետք է գրեմ իշխանութան դեմ, մինչև նա դուրս գնա ու ես գնամ»»:

Գրականագետը նկատում է.«Լեռ Կամսարի գրականությունը պատիվ է բերում մեզ: Փաստորեն, մենք ընմբոստ ժողովուրդ ենք, այնքան էլ ստրուկ չենք, ինչպես երևում է կամ ասում ու մտածում են մեր մասին»:

Լեռ Կամսարը (իսկական անվամբ՝ Արամ Թովմաղյան 1921 թվականին փաստաթղթերը սխալմամբ լրացվում է Թովմասյան և այդպես էլ մնում է՝ Արամ Թովմասյան) ծնվել է 1888 թվականի հոկտեմբերի 24-ին Վան քաղաքում, հոգևորականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի ամերիկյան վարժարանում։ Հայրը՝ տեր Թովմասը, մտադրություն ունենալով որդուն էլ դարձնել հոգևորական, 1902 թվականին ուղարկում է Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում ուսանելու։ 1909 թվականին ավարտելով ճեմարանը Արամ Թովմասյանը վերադառնում է իր ծննդավայրը և աշխատում որպես ուսուցիչ՝ նշանավոր Երամյան դպրոցում։ Գրել սկսել է 1910 թվականից։

Լեռ Կամսարի առաջին ֆելիետոնն իսկ, որը 1910 թվականին Տաճկաստանում պայթեց թուրք փաշայի և ամերիկյան միսիոներների գլխին, գովասանքի ու շնորհավորանքի մեջ խեղդեց հեղինակին։ Թուրք նահանգապետից սկսած մինչև հայ վերջին ընթերցողը շնորհավորեցին նրա այդ հաջողությունը։ Դեռ մանկուց սիրելով Կամսար անունը՝ Արամ Թովմասյանը հրատարակում էր իր առաջին շրջանի ֆելիոտոնները այդ անվան տակ։ Մեկ անգամ Վան քաղաքի երևելիներից մեկը տեսնելով Կամսարին փողոցում, շնորհավորում է նրան հերթական երգիծական պատմվածքի համար և գովեստի խոսքն ուժգնացնելու համար տմբտմբացնելով նրա կռնակին ասում է. «Կամսար չէ, մեծ Կամսար, լեռ Կամսար»։ Այդ օրվանից էլ մկրտվում է նրա գրական անունը՝ Լեռ Կամսար։ Հետագայում հեղինակը կգրի.

«Ես, որ գրական ասպարեզ մտնելիս «Լեռ Կամսար» անունն առի վրաս, երբեք մտքովս չանցավ, որ այդ անունը այսօր սաստիկ պետք պիտի գար ինձ, որ այսօրվա իմ կյանքը ես պարտական պիտի լինեմ այդ անվանը։ Որովհետև եթե այն ժամանակ ինձ «Լեռ» չանվանեի ու ասենք «հաստաբուն կաղնի» անվանեի անգամ, սա 40 տարվա իմ վրա փչող քամին արմատահան պիտի աներ ինձ և հողմավար աներ, ինչքան էլ «հաստ» բուն ունենայի։ Ես անպայման «Լեռ» պիտի լինեի դիմանալու համար այս ամեն տեսակ գլխիս ոռնացող քամիներին ու փոթորիկներին։ Եթե «Լեռ» չլինեի՝ հիմա չկայի։ Փա՜ռք քեզ, անուն, որ փրկեցիր ինձ կորստից...»:

Անի Կարապետյան

Կարդացեք նաև՝  Մարդի՛կ, էս ի՞նչ եք արել դուք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more