▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույն օբյեկտի շաուրման այսօր տանենք լաբորատոր փորձաքննության՝ հնարավոր է՝ շեղում չհայտնաբերվի․․․

«Զավիկի Ղարս»-ՍԱՏՄ վեճի ընթացքին հետևող օգտատերերից մի քանիսն առաջարկում են փակել երկրում սննդամթերքի անվտանգության համար պատասխանատու տեսչական մարմինը։

Բանն այն է, որ չնայած հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցման մասին ՍԱՏՄ որոշմանը, ինչպես նաև «հացով բրդուճ շաուրմայի խոզ+հավ»-ի վտանգավոր լինելու մասին լաբորատոր փորձաքննության արդյունքների առակայությանը,  «Զավիկի Ղարս»-ը շարունակում է աշխատել։

«Որ կասեցվել է՝ ի՞նչ, հենց հիմա աշխատում են: Դուք խոսելուց բացի ուրիշ բան չե՞ք կարում անեք»,-ՍԱՏՄ ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքացին։

Ի պատասխան ՍԱՏՄ էջը վարողն արձագանքել է. «Հարգելի քաղաքացի, անում ենք, մեր գործառույթների շրջանակում»։

«Փակվեք բա, մնացել եք՝ ի՞նչ եք անում։ Թե բա` մեր գործառույթների շրջանակում»,-արձագանքել է մեկ այլ քաղաքացի։

Պանորամա.am-ն է գրում ու նշում, որ կայքի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը  խոստովանել՝ երեկվանից հետևում է այս բանավեճին ու շատ ծանր է տարել։

«Առաջին հերթին նա քաղաքացիներին հորդորել է  չօգտագործել այն սնունդը, որում առկա վտանգների մասին ահազանգել է տեսչական մարմինը։

«Բայց երկրորդ հորդորս չգիտեմ, թե ում ուղղեմ՝ լիազոր մարմնի՞ն, նրա վերադասի՞ն, թե՞ հասարակությանը։ Այս խայտառակ վիճակի մեղավորը հենց լիազոր մարմինն է, որն իր ոչ պրոֆեսիոնալ ու անփույթ վերաբերմունքի պատճառով հասել է նրան, որ հայտնաբերում է խախտում, իսկ տնտեսվարողը ոչ միայն հայտարարում է, որ դա սուտ է, այլև շարունակում է գործունեություն ծավալել։ Սրան հաջորդում է էլ ավելի վատ բան, լիազոր մարմինը հայտարարում է, որ գործիքակազմ չունի։ Եթե նույնիսկ նման գործիքակազմ չունենար, այդ հայտարարությունն ուղղակի ռումբ դնել է սննդի անվտանգության տակ։ Իմ կարծիքով, տնտեսվարողի արածն ավելի վատ բան չէ, քան լիազոր մարմնինը։ Մի արդարացման համար վտանգել են ամբողջ համակարգը, սննդամթերքի անվտանգությունը բերել են հասցրել են մասնագիտական ամենաներքևի շրիշակի մակարդակի»,-նման գնահատական հնչեցրեց ՀԿ նախագահը։

Պիպոյանի խոսքով, ՍԱՏՄ այդ հայտարարությունն ազդակ է մնացած մյուս բոլոր տնտեսվարողներին։ Նա ընդգծել է՝ կասեցման գործիքակազմ ՍԱՏՄ-ն ունի, դրա հավաստումն այն է, որ ամիսներ առաջ տեսուչները ոստիկանների ուղեկցությամբ այցելել էին Գումի շուկա, ապահովել իրենց ցանկալի արդյունքը։

«Տնտեսվարողը կարող է չհավատալ, որ իր արտադրանքը վտանգավոր է։ Սակայն լիազոր մարմինը, իմանալով, որ վտանգավոր սնունդ է արտադրվում, ամեն ինչ չի անում, որ այդ սնունդը չշարունակվի իրացվել։ Մի պարզ օրինակ, երկու տեսուչ, երկու լրագրողի ուղեկցությամբ կարող էին գնալ այդ օբյեկտ՝ տնտեսվարողին առաջարկելով ստորագրել սննդի կետի կասեցման որոշման ներքո»,-ասել է  Պիպոյանը՝ նշելով, որ դա կապահովեր նաև հանրային լայն իրազեկում։

Բացի այդ, ՀԿ նախագահը շեշտել է, որևէ պետական մարմին իրավակարգավորման բացակայության մասին իրավունքի չունի մի քանի ամիս խոսել, քանի որ կարող են օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել ու ԱԺ ներկայացնել ընդունելու համար։

«Քանի՞ անգամ են օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես եկել։ Ես Ձեզ հավաստիացնում եմ՝ ոչ մի։ Պետք է նախ հասկանան, թե որ օրենքի որ հոդվածն է իրենց խոչընդոտում, ապա առաջարկեն փոփոխություն։ Եթե դա չեն անում, ապա դա էլ ՍԱՏՄ անգործության հետևանքն է։ Դուք պետք է փոփոխություն առաջարկեք, եթե չեք արել, ո՞ւմ վրա եք մունաթ գալիս։ Էլի եմ կրկնում, եթե օրենքի որևէ հոդվածում գրված է՝ այո, պետք է ծանուցել կասեցման մասին, դա դեռ չի նշանակում, որ ուրիշ գործիքակազմեր չկան, որոնք պրոֆեսիոնալ կերպով կիրառելու դեպքում հանգիստ կարող են հասնել ցանկալի արդյունքի»,-ասել է  Պիպոյանը։

Հաջորդ խնդիրը, որը կրկին ընդգծվել է «Զավիկի Ղարս»-ի հետ ունեցած պրոբլեմի ժամանակ, ռիսկի հաղորդակցումն է։

«Ասում են՝ սննդում հայտնաբերել են մանրէաբանական շեղում։ Հիմա եթե գնանք, վերցնենք նույն օբյեկտում պատրաստվող շաուրման, տանենք լաբորատոր փորձաքննության, ապա հնարավոր է, որ շեղում չհայտնաբերվի։ ՍԱՏՄ խնդիրն է պարզել, թե այդ շեղումն ինչի՞ հետևանք է, խոհարարի մոտ խնդիր կա՞ր, թե՞ սանիտարական վիճակը նորմալ չէր, գուցե հո՞ւմքը նորմալ չէր։ Երբ այս ամենը չի արվում, տնտեսվարողը կարող է ասել, խնդիրը մայոնեզն է եղել, դա թափել ենք, ուրիշն ենք առել։ Այս պարագայում տնտեսվարողը կարող է դառնալ ավելի վստահելի, քան լիազոր մարմինը։ Իսկ ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ լիազոր մարմինն ի սկզբանե սխալ է արել։ Սա պրոֆեսիոնալիզմի բացակայության հետևանք է, որն առաջ է բերել հանրային խոր անվստահություն ու մեծ վնաս է հասցնում համակարգին»,-ասել է Պիպոյանը»,-գրում է սկզբնաղբյուրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more