▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որո՞նք են ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդները

Օրերս ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշտոն Կարտերը, Վաշինգտոնյան տնտեսական ակումբում ներկայացնելով իր ղեկավարած գերատեսչության 2017թ. բյուջեի հիմնական դրույթները, առանձնացրել է նաև ԱՄՆ-ի համար հիմնական սպառնալիքների աղբյուրները՝ հետևյալ դասակարգմամբ՝ Ռուսաստան, Չինաստան, «Իսլամական պետություն»: Պենտագոնի ղեկավարի համոզմամբ՝ ԱՄՆ-ն այսօր անվտանգության տեսանկյունից բոլորովին այն չէ, ինչ վերջին 25 տարիների ընթացքում էր: Վաշինգտոնը ներկայում զրկված է միակ հակառակորդի կամ ներկա և ապագա դիմակայությունների միջև ընտրության «շքեղությունից» և ստիպված է մղել դրանք միաժամանակ, նաև մշակել, իմի բերել նոր մոտեցումներ՝ առկա մարտահրավերներին ի պատասխան:
Կարտերը նաև նշել է, որ առավել լարված մրցակցություն ԱՄՆ-ը վարում է Ռուսաստանի և Չինաստանի հետ. այդ երկրներն իրականացնում են այնպիսի սպառազինությունների մշակումներ, որոնք հարցականի տակ են դնում ԱՄՆ-ի «ավանդական գերազանցման» հայեցակարգը, և բացի այդ, ագրեսիվ են դրսևորում իրենց համապատասխանաբար Ուկրաինայում ու Հարավչինական ծովում: Հետևաբար, ամերիկյան մարտավարությունը պետք է միտված լինի նաև պոտենցիալ հակառակորդներին այն իրական ուժի ցուցադրման վրա, որ եթե վերջինները պատերազմ սկսեն, ապա ԱՄՆ-ն ի վիճակի է լինելու հաղթել նրանց:
Ինչպես տեսնում ենք, աշխարհի թիվ մեկ գերտերության արտաքին մարտահրավերների շարքում կրկին ուղղակիորեն առաջատար դիրք է մղվում աշխարհաքաղաքկան մրցակցությունը՝ անգամ քարոզչական հարթությունում առաջ անցնելով նաև գլոբալ ահաբեկչության դեմ պայքարից՝ ի դեմս «Իսլամական պետության»: Համենայն դեպս, կարելի է եզրակացնել, որ առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում ծայահեղական կառույցի դեմ ԱՄՆ-ի կողմից գլխավորած կոալիցիայի, ինչպես նաև նրանց ցամաքային դաշնակիցների գործողությունները, փաստորեն, ամերիկյան ղեկավար շրջանակներում առավել առարկայական են դարձրել, կամ ավելի բարձր մակարդակի են հասցրել իսլամականներին արագ կերպով և վերջնական պարտության մատնելու հնարավորությունները:

Արմեն Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more