▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտել է բնակարան ու խռխռոց է լսել. էքստրասենսի սպանության գործով ամբաստանյալը ընկերուհուն խոստովանել է՝ «արել եմ»

1in.am-ը գրում է.

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Աբրահամյանի նախագահությամբ շարունակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործի դատական քննությունը:

Ավազակությամբ զուգորդված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով մեղադրվում է Մուշեղ Մխիթարյանը: Նա իրեն մեղավոր չի ճանաչում:

«Վեցերորդ զգայարան» հեռուստաշոուից հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանը սպանվել էր իր բնակարանում՝ դանակի բազմաթիվ՝ մոտ 60, այդ թվում՝ պարանոցին հասցված հարվածներով: Նրա դիակը հայտնաբերվել է 2015 թվականի օգոստոսի 5-ին: Նախորդ օրը՝ օգոստոսի 4-ին, ժամը 23-ի սահմաններում Անի Մաջնունյանին, ըստ գործի տվյալների, այցելել է սպանության համար մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը՝ «Յանուս» թատրոնի երիտասարդ ղեկավարը, ում հետ Անին ծանոթ էր մի քանի ամիս:

Դատարան էր ներկայացել գործով առանցքային վկա Աննա Մ.-ն, ով Մուշեղ Մխիթարյանի դեմ տվել է մեղադրող ցուցմունքներ, համագործակցել է իրավապահների հետ ու աջակցել է հանցագործության բացահայտմանը:

Աննային թույլ չտրվեց դահլիճում գտնվել, քանի որ բացառված չէ, որ կողմերը մինչև դատաքննության ավարտը միջնորդեն՝ այս կարևոր վկային ևս մեկ անգամ հարցաքննելու մասին, մանավանդ, որ տուժողի ներկայացուցիչ փաստաբանը ներգրավվել է ավելի ուշ, երբ Աննան դատարանում արդեն հարցաքննվել էր:

Աննան վերջերս երեխա է ունեցել: Մուշեղ Մխիթարյանը իր հետագա խոսքում նշեց. «Մոռացա շնորհավորեմ…»:

Դատարանը գործով ձեռք բերված ապացույցների ու փաստաթղթերի հրապարակման, հետազոտման փուլում է:

Հրապարակվեց Մուշեղ Մխիթարյանի ու Աննա Մ.-ի առերես հարցաքննության արձանագրությունը:

Աննան ներկայացրել է, որ Մուշեղը նախապես ծրագրել էր Անի Մաջնունյանի սպանությունը՝ ասելով, թե հոգնել է նրանից: Իր մտադրության մասին Մուշեղը հայտնել է Աննային ու պարտադրել է, որ նա էլ իր հետ գնա Անիին սպանելու:

Աննան սկզբում մերժել է Մուշեղին: Սակայն Մուշեղը, ըստ Աննայի, սպառնացել է, թե նրա մայրիկին ու նախկին ընկերոջը կհայտնի իր և այլ տղաների հետ Աննայի ունեցած սեռական կապերի մասին:

Աննան այնքան է վախեցել այս սպառնալիքից, որ համաձայնել է Մուշեղի հետ գնալ Անիի բնակարան:

Մուշեղը պահանջել է, որ Աննան տնից դանակ վերցնի, ինչը Աննան նույնպես կատարել է:

Հանդիպել են Գարեգին Նժդեհի փողոցում, հասել են Նժդեհի հրապարակ, որտեղից նստել են տրանսպորտ ու հասել են Անիի շենքին՝ Մազմանյան փողոց:

Մինչև Անիի բնակարան մտնելը՝ դեղատուն են մտել, որտեղից Մուշեղը գնել է բժշկական ձեռնոցներ:

Երբ հասել են Անիի բակ, Աննան այնքան ուժգին է վախեցել, որ հրաժարվել է Մուշեղի հետ Անիի բնակարան բարձրանալուց:

Մուշեղը կարգադրել է, որ Աննան մնա բակի զրուցարանում:

Աննան նստել է զրուցարանում, սկսել է սպասել: Քանի որ արդեն կեսգիշերին մոտ էր, Աննան այդտեղ քնել է: Հետո նա մտել է Անիի շքամուտք, բարձրացել է իններորդ հարկ, նստել է տանիք տանող աստիճանների վրա, ու նորից աչքը կպել է՝ իմանալով հանդերձ, որ ութերորդ հարկի բնակարանում միգուցե այդ պահին տանտիրուհու սպանություն է տեղի ունենում:

Հանկարծ Աննան սթափվել է՝ լսելով, որ Մուշեղը ձայն է տալիս իրեն: Նա մի հարկ իջել է: Մուշեղն ասել է. «Արել եմ», ինչից Աննան հասկացել է, որ նա սպանել է Անի Մաջնունյանին:

Աննան Մուշեղի հետևից մտել է բնակարան ու խռխռոց է լսել: Խոհանոցից դեպի աջ է գնացել ու տեսել է Անիին՝ մահճակալի վրա, պարանոցի հատվածում՝ արյուն: Անին դեռ ողջ էր…

Այդ տեսարանից Աննան վատ է զգացել ու դուրս է վազել բնակարանից: Մուշեղը դուրս է վազել նրա հետևից ու սպառնացել է, որ եթե կատարվածի մասին Աննան որևէ մեկին հայտնի, նույնը տեղի կունենա նրա ընտանիքի անդամների հետ:

Աննան նորից նստել է զրուցարանում, Մուշեղը բարձրացել է Անիի բնակարան: Նա մի քանի անգամ իջել-բարձրացել է՝ ստուգելու համար՝ Աննան դեռ այնտե՞ղ է: Հերթական անգամ իջնելով՝ Մուշեղն Աննային ասել է, թե պիտի սպասեն ու տեսնեն՝ ոստիկանները գալի՞ս են:

Նա վերցրել է Աննայի շարֆը, մի անգամ էլ է բարձրացել բնակարան: Երբ իջել է, նրա շալվարի փողքերը մինչև ծնկները բարձրացված էին: Աննայի շարֆը Մուշեղը կապել է որովայնի շրջանին, որովհետև այդ մասում հագուստն արյունոտ էր:

Նրանք պատահական տաքսիով գնացել են Նորքի 9-րդ զանգված, որտեղ բնակարան էր վարձակալել Մուշեղը: Տաքսուց իջել են շենքից որոշ հեռավորության վրա: Ճանապարհին ոչ ոք նրանց չի մոտեցել, Մուշեղի հետ ոչ մի կողմնակի մարդ չի խոսել:

Բնակարանում Մուշեղը փոխել է արյունոտ հագուստը, այն դրել է տոպրակի մեջ: Նա կանչել է իր հարևանին, նրան ինչ-որ հորինված պատմություն է պատմել՝ քիչ առաջ իրեն սպառնալու վերաբերյալ:

Մուշեղը խոհանոցում մանրացրել է դեպքի վայրից իր հետ բերած դանակի կոթ ու սուրճի պնակի մեջ այն այրել է բժշկական ձեռնոցների հետ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more