a1plus.am-ը գրում է. ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն այսօր Երեւանում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նոր կառավարության կազմում իր ներկայության կամ հնարավոր պաշտոնանկության հարցին։ Նրա կարծիքով, նոր կառավարության ձեւավորման հարցում կարեւորը ոչ թե իր անձնական տեսակետներն են, այլ այն՝ թե արդյո՞ք վարչապետը կառաջարկի այս կամ այն թեկնածուին, եւ արդյո՞ք նախագահը կվերանշանակի նրան։
«Մեր երկրում գոյություն ունեն օրենքներ, Սահմանադրություն, որի համաձայն՝ Կառավարության փոփոխությունը տեղի է ունենում վարչապետի առաջարկությամբ՝ նախագահի հրամանագրերով: Ինչպես կորոշեն՝ ես այնպես էլ կվարվեմ»,- ասաց նա:
Նախարարի պաշտոնակատարը սպասվելիք փոփոխությունները բնական է համարում։ «Նոր վարչապետ է եկել՝ փոփոխություններ պետք է անի, պաշտոնն այնպիսի բան է, որ մի օր եկել ես, մի օր էլ պիտի գնաս«,- ասաց Հրանուշ Հակոբյանը։