▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են հանվել․․․ վերաբերվել են որպես փախստականների

Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին Սոֆիայի Վասիլ Լևսկի օդանավակայանում վերաբերվել են որպես փախստականների:

Այս մասին գրում է բուլղարական մամուլը՝ նշելով, որ  սահմանապահ ոստիկանությունը նրանց տարել է ծառայողական շենք, մերկացրել, խուզարկել և երկու ու կես ժամ պահել։

Սկանդալի մասին  հայտնել է  Անի համայնքի քույր քաղաք՝ բուլղարական Նովի Պազարի  քաղաքապետ Գեորգի Գեորգիևն ու մանրամասնել․
«Այս միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին: Սակայն չորրորդ օրը ես դեռևս պաշտոնական պատասխան չունեմ բուլղարական իշխանություններից մեր հյուրերի նկատմամբ այս նվաստացուցիչ վարքագծի վերաբերյալ»։

Նշվում է, որ Սոֆիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը  նոտա է ուղարկել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևին:

Բուլղարական մամուլը նաև գրում է, որ Անի համայնքի ղեկավարն ու պատվիրակության մյուս անդամները  Շենգենյան վիզաներ ունեին Երևանում Բուլղարիայի դեսպանատնից և Նովի Պազարի քաղաքապետ Այան Մեհմեդովը նրանց սպասում էր օդանավակայանում։

Վայրէջքից անմիջապես հետո հայերին կանգնեցրել է սահմանային ոստիկանությունը, որը նրանց տարել է հարցաքննության սենյակ և խուզարկել։ Նովի Պազարի քաղաքապետը  նշել է, որ նրանց ստիպել են մերկանալ։

Բացի այդ ՝ հայկական պատվիրակության  ուղեբեռը, այդ թվում պաշտոնական նվերները  մեծ մասամբ  վնասել են։։

Նշվում է, որ շենքի ներսում ոստիկանությունը հայերին բազմիցս ասել է, որ նրանք համարվում են միգրանտներ, որոնք պետք է անմիջապես մեկնեն Ավստրիա։ 

Հայ հյուրերը փորձել են ոստիկանների հետ ռուսերեն խոսել, բայց նրանց պատասխանել են, որ լեզուն չեն հասկանում։

Հայկական պատվիրակությունը, այնուամենայնիվ, կարողացել է  մասնակցել Նովի  Պազարի  տոնակատարություններին։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Երևանից ժամանող ինքնաթիռը հայերին վերաբերվում է որպես վտանգավոր միգրանտների։

Հավելենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության, Բուլղարիայի Նովի Պազար քաղաքում աշխատանքային այցով գտնվող Շիրակի մարզի Անի համայնքի պատվիրակությունը՝ համայնքապետ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, ստորագրել է համագործակցության համաձայնագիր, որով Անի համայնքը և Նովի Պազար քաղաքը դարձան քույր համայնքներ․ստորագրված փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն մի շարք ոլորտներում՝ մշակույթ, կրթություն, սպորտ, զբոսաշրջություն և տնտեսություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more