Հունիսի 15-ը ՀՀ պետական խորհրդանիշերի օրն է։ 1991 թվականին հռչակված Հայասատնի երրորդ հանրապետությունը ժառանգեց ու ընդունեց 1918 թվականի մայիսի 18-ին հռչակված Հայաստանի առաջին հանրապետության բոլոր երեք խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը։ ՀՀ զինանշանի հեղինակները Ալեքսանդր Թամանյանն ու Հակոբ Կոջոյանն են:
Հայոց զինանշանի կենտրոնում պատկերված է Արարատ լեռը՝ Նոյյան տապանով։ Զինանշանի կենտրոնում ՝ վահանի վրա պատկերված են պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ ՀՀ զինանշանի հիմնական գույնը ոսկեգույնն է, Հայաստանի թագավորություններինը՝ կարմիր և կապույտ, վահանի վրա պատկերված Արարատ լեռը նարնջագույն է։ Նշված գույները խորհրդանշում է ՀՀ դրոշի գույները:
Հայոց եռագույնի երեք երանգներից կարմիրը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։
Կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը հայի արարչական տաղանդի և աշխատասիրության խորհրդանիշն է։
ՀՀ գերագույն խորհրդի 1991 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ ընդունվեց երկրի օրհներգը` խոսքերը Միքայել Նալբանդյանի և երաժշտությունը` Բարսեղ Կանաչյանի:
Այսօր առաջնային է համարվում այս խորհրդանշանների փոփոխությունը: Մասնագետները նշում են՝ թերություններ շատ կան.
«Դեռևս Առաջին հանրապետության ժամանակ շատերը դժգոհում էին մեր զինանշանից՝ ասելով, որ գազանանոց է: Նշում էին, որ ոչ ամբողջությամբ է արտահայտված մեր պատմական ժառանգությունը: Ներկայիս զինանշանը Առաջին հանրապետության զինանշանն է՝ որոշակի առանձնահատկություններով»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Էդիկ Մինասյանը:
«Դա ոչ թե գազանանոց է, այլ՝ գաղափարախոսություն»,-լրացնելով Էդիկ Մինասյանի խոսքը՝ ասաց «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Պավել Սարգսյանը՝ շարունակելով.
«Ներկայիս զինանշանի վրա շատ քիչ եմ գրագետ բան տեսնում: Եթե խոսենք առյուծի մասին, ապա առյուծը ոնց որ հիվանդ կատու լինի, որևէ կերպ ներկայացված չէ առնականությունը: Ականջներն էլ առյուծի չեն: Սրի ծայրն էլ թաքցված է վահանի հետևում»:
Անի Կարապետյան