Ռուսերենը նախկին Խորհրդային միության անդամ երկրներում պետք է օրենսդրական կարգավիճակ ստանա: Այդ մասին է հայտարարել ռուսաստանցի դիվանագետ, ՌԴ ԱԳՆ հատուկ գործերով բանագնաց Էլեոնորա Միտրոֆանովան՝ նշելով, որ ռուսերենի իրավական կարգավիճակի ամրագրումը հարևան երկրների սահմանադրություններում Մոսկվայի առաջնահերթ խնդիրներից է: Միտրոֆանովայի խոսքերով, երիտասարդությունը մոռանում է ռուսերենը:
«Այս ամենը լուրջ ընդունել՝ կնշանակի, որ մենք ենք անլուրջ: Մարդ է, մի բան կրակել է: Հայաստանը ոչ Ղազախստան է, ոչ էլ Բելառուս: Այս երկրներում է բնակչության կեսից ավելին ռուս: Հայաստանում ռուսերենը պահանջված լեզու չէ: Խնդրեմ, գնացեք Ծաղկաձորի Գրողների տուն, երկու ռուս են աշխատում՝ Վալյան ու Լյուբան: Ընտիր հայերեն են խոսում, բա նրանք կթողնե՞ն, որ ռուսերեն շփվես»,-անդրադառնալով այս հայտարարությանը՝ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ նկատեց.
«Այն երկրները, որոնք ժամանակ առ ժամանակ զիջում են իրենց անկախության որոշակի տոկոսը, մտավախության տեղ ունեն: Պետք է տարբերակել 2 բան.մշակույթն ու պետական լեզուն իրար հետ որևէ կապ չպետք է ունենան: Սա ոչ թե լեզվի, այլև երկիրը որպես տարածք ընկալելու, բնակչությանը սպասարկող անձնակազմ համարելու հարց է: Եվ, ինչքան դաժան է լինում ճնշումը, այնքան որոշ սպասարկող անձինք ոգևորվում են: Ինչքան ավելի ուժեղ է լինում հարվածը, ինչքան ոտնահարում են ազգային արժանապատվությունը, այնքան ավելի բարձր գոռում ենք՝ ուռա՛: Զարմանալի հատկություն է: Մեր միջից պետք է հանենք ստրուկին»:
Անի Կարապետյան