▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս պետք է վարվել մանկապարտեզի երեխային ապտակած դաստիարակի հետ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Նման մարդիկ դաստիարակ կոչվելու իրավունք պարզապես չունեն ու իրենց անհավասարակշիռ ու ոչ ադեկվատ պահվածքով պախարակում են մյուս դաստիարակների անունը»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով երեկ համացանցում մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութին, որում  Երևանի բուսաբանական այգում մանկապարտեզի սաներին զբոսանքի տարած դաստիարակն ապտակում է երեխաներից մեկին:

«Երեխայի վրա ձեռք, ձայն բարձրացնելն ու, առհասարակ, նման մեթոդները ոչ մի դաստիարակչական ֆունկցիա չեն կատարում և ոչ մի օգուտ չեն բերում, բացի սեփական կայացումից և սեփական անհավասարակշռության արտահայտումից: Երբևէ երեխայի վրա չի կարելի ձեռք բարձրացնել: Ինչ վերաբերում է ձայն բարձրացնելուն, ապա այդ ձայնի մեջ պետք է լինի միայն երանգային փոփոխություն, որպեսզի երեխան հասկանա, որ այս կամ այն չի կարելի անել կամ դուր չի եկել այս դեպքում դաստիարակին, այլ ոչ թե հիստերիկ ձևով բղավել: Ես չեմ ուզում նման մարդկանց դասել դաստիարակների շարքին, բայց չմոռանամ նշել, որ բացառություն չեն նման ծնողները: Այս պահին օրինակը դաստիարակն է, բայց շատ են նմանատիպ դեպքերը, երբ երեխան ծեծի է ենթարկվում հենց ծնողի կողմից»,- ասաց հոգեբանը:

Այն հարցին, թե որքանո՞վ է նորմալ, որ մանկապարտեզում աշխատողը չունենա համապատասխան կրթություն, հոգեբանական պատրաստվածություն և երեխաների հետ աշխատելու ունակություն, հոգեբանը նշեց.

«Եթե խոսում ենք արհեստավարժ դաստիարակի մասին, կարծում եմ, որ պարտադիր նա պետք է լինի հոգեբան ու տեղյակ լինի, թե ինչպես պետք է աշխատել ու շփվել երեխայի հետ: Առաջին հերթին նա պետք է լինի հավասարակշռված անձնավորություն, այլ ոչ թե պրոբլեմատիկ մարդ, որպեսզի երեխաները խուսափեն այդ պրոբլեմներն իրենց վրա զգալու բեռից: Բայց, ցավոք սրտի, ես այսօր չեմ ճանաչում այնպիսի համակարգ, որը վերահսկում է այս խնդիրը: Այսօր գրեթե ամեն տեղ կան դայակներ և դաստիարակներ, ովքեր չունեն արհեստավարժ կրթություն, և նույնիսկ դպրոցում ունենք ուսուցիչներ, ովքեր նույն կերպ են վարվում երեխաների հետ, պարզապես մեծահասակ երեխաների դեպքում մի փոքր այլ է, քանի որ նրանք տուն են վերադառնում ու իրենց ծնողներն իմանում են տեղի ունեցածի մասին: Իսկ մանկապարտեզների դեպքում այլ է: Ինչ վերաբերում է տեսանյութի կնոջը, ես կարծում եմ, որ նա, այնուամենայնիվ, պետք է պատժվի և պետք է պատժվի նրա գործատուն նույնպես: Չպետք է անպատիժ մնա այն մարդը, ով նման անհաասարակշիռ կնոջն  աշխատանքի  է ընդունել»,- Asekose.am-ի հետ իր խոսքը եզրափակեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more