armtimes.com-ը գրում է. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիլեյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով դատական հերթական նիստը:
Նիստի ընթացքում մեղադրող դատախազը շարունակեց հրապարակել չներկայացած վկաների նախաքննական ցուցմունքները: Դատարանում հրապարակվեց թվով 13 վկայի նախաքննական ցուցմունք, դեռեւս 12-ինն էլ նախատեսվում է: Հրապարակվեցին հիմնականում Երրորդմասցի Լյովիկի ընկերների ցուցմունքները: Վկաների ցուցմունքներում ուշագրավ մանրամասներ կային:
Նախ հայտնի դարձավ, որ դեպքի վայրում հայտնաբերված զենքերից մեկը պատկանում է Երրորդմասցի Լյովիկին, նաեւ հայտնի դարձավ, որ Լյովիկի ու ընկերների անվտանգությունն ապահովելու նպատակով վկաներից շատերը շրջել են նրանց հետ: Բայց, այնուամենայնիվ հրապարակված ցուցմունքներից առավել ուշագրավը Էդգար Պետրոսյանինն էր (մականունը Խռիկ): Նախաքննական մարմնին նա պատմել է, որ սպանված Դրաստամատ Թադեւոսյանը՝ Դրոն, իր մանկության ընկերն է, իսկ Երրորդմասցի Լյովիկին ճանաչել է 2006-ից՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում: Վկան պատմել է, որ ընկերներով հաճախ են հավաքվել Լյովիկի ղեկավարած թիավարության ֆեդերացիայի գրասենյակում (վկաներից մի քանիսն այդ գրասենյակում են ապրել,-հեղ.): Այնտեղ են եղել նաեւ սպանության դեպքի նախորդ օրը` գիշերը՝ 2015-ի մարտի 3-ին: Պետրոսյանը հայտնել է, որ հաջորդ օրը Դրոն եկել է «օֆիս», վերցրել Լյովիկի «Լեքսուսն» ու իր եւ մյուս ընկերոջ՝ Սեյրանի հետ գնացել Լյովիկենց՝ Պարոնյան փողոցում գտնվող տունը: Այնուհետեւ Լյովիկի հետ գնացել են «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ Լյովիկը պետք է տեսակցեր իր պատիժը կրող Դավիթ Իսպիրյանին (Մանումենտցի Դավոյին): Վկայի պատմածով՝ ՔԿՀ-ի ճանապարհին իրենց ինչ-որ մուգ մեքենա է հետապնդել, որի հետքը հետո կորցրել են: Նրա ցուցմունքի համաձայն՝ Մանումենտցի Դավոյին տեսակցել են Չարբախի Վրեժը, Դրոն եւ Լյովիկը: Նա պատմել է, որ կալանավայրից դուրս գալուց հետո երեք դիմակավորված անձինք կրակել են, այդ ընթացքում ինքը թաքնվել է մեքենայի հետեւում, այնուհետեւ մեքենայից վերցրել է Լյովիկի օրինական զենքն ու նախազգուշացնելու նպատակ երեք անգամ օդ է կրակել: Հետո վիրավոր ընկերոջը՝ Դերոյին, «Լեքսուս»-ով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է: Վկան նաեւ հայտնել է, որ «Լեքսուս»-ի մեջ հայտնաբերված զենքերը պատկանել են Երրորդմասցի Լյովիկին, դրանք եղել են օրինական, եւ որ այդ օրը զինված է եղել նաեւ Դրոն:
Մեղադրող դատախազը հրապարկեց նաեւ Էդգար Պետրոսյանի լրացուցիչ հարցաքննությունը, որի ժամանակ նա պատմել է դեռեւս 2014թ. հուլիսին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի մասին: Նախաքննական մարմնին ժամանակին հայտնի է դարձել Հյուսիսային պողոտայում գործող սրճարաններից մեկում 2014թ. մայիս ամսին ծագած վիճաբանության մասին: Վիճաբանությունը ծագել է Երրորդմասցի Լյովիկի, նրան ուղեկցող ազգականի՝ Արթուր Ղազարյանի (Քանաքեռցի Տույ) եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսա Արման Մադաթյանի (Մանչ) միջեւ: Վկան քննիչներին պատմել է, որ այդ օրը վիճաբանել են Երրորդմասցի Լյովիկն ու Մանչը, պատճառը եղել է Մանչի մահացած ընկերոջ որդին, որը բնակվում է Արեշում:
«Լյովիկին զայրացրեց այն փաստը, որ այդ տղան մտավ սրճարան եւ չբարեւեց իրենց»,- ցուցմունքում հայտնել է Էդգար Պետրոսյանն ու հավելել. «Մանչը Լյովիկին նորմալ բարեւել էր: Լյովիկը հարցրեց Մանչին, թե ինչո՞ւ այդ տղան իրեն չբարեւեց: Մանչն էլ ասաց, թե` դու բարեւիր նրան: Դրանից հետ լեզվակռիվ սկսվեց Մանչի եւ Լյովիկի միջեւ: Մանչը նեղացած դուրս եկավ սրճարանից: Տույը եւ նստածներից որեւէ մեկը չի միջամտել միջադեպին: Դեպքից հետո թե ի՞նչ զարգացումներ են եղել, չգիտեմ»,- քննիչին պատմել է վկան:
Նա հայտնել է, որ այդ դեպքից 20 օր հետո էլ իրեն ու ընկերոջը՝ Հայրոյին, առեւանգել են, սակայն չի կարող ասել` արդյո՞ք այդ դեպքը կապ ունի իրենց առեւանգելու հետ, թե ոչ: Նա մանրամասն պատմել է 2014թ. հուլիսին իրեն եւ Երրորդմասցի Լյովիկի մտերիմներից Հայրապետ Գեւրգյանին՝ Հայրոյին, առեւանգելու, պատանդ պահելու եւ ծեծի ենթարկելու մասին:
«2014-ի հուլիսի կեսերին՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում, ես ու Հայրոն վերջինիս «Մերսեդես»-ով վերադառնում էինք Չեխովի վրա գտնվող օֆիսից: Ճանապարհին մեր ավտոմեքենայի հետեւից եւ դիմացից կանգ առան երեք ավտոմեքենա եւ փակեցին մեր ճանապարհը: Սեւ ջիպերից դուրս եկան 10 տղաներ, ովքեր մահակներով եւ ավտոմատներով էին: Նրանք զինվորական շալվարով ու վերնազգեստով էին, վերազգեստի թեւերին եւ մեջքին գրված էր` «ոստիկանություն», տղաները` բոլորը, ձեռքերում ավտոմատներ ունեին: Նրանք, բարձր գոռալով, ներկայացան որպես ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներ եւ պահանջեցին շարժվել: Նրանք ինձ ու Հայրոյին ավտոմատներով հարվածելով, գցեցին գետնին, հետո «զախվատի» նման ձեռքերս ոլորեցին, նստեցրեցին մեքենան ու գլուխներիս վրա մեշոկ քաշեցին, հետո կապկպեցին ձեռքերս, գլխիս հատվածը կապկպել էին, բերանիս սկոտչ էին կպցրել: Հետեւում նստած երկու հոգի բռունցքներով պարբերաբար հարվածում էին գլխիս, արդյունքում` ես գիտակցությունս կորցրեցի: Ուշքի եմ եկել այն ժամանակ, երբ, գտնվելով ինչ-որ նկուղում, ինձ վրա ջուր լցրեցին: Ուշքի գալով` ես հասկացա, որ գտնվում եմ մութ նկուղում, իսկ կողքս Հայրոն էր: Մեր առջեւ մի քանի հոգի էին կանգնած: Մինչեւ լուսաբաց մեզ ծեծում էին, հայհոյում՝ ասելով, որ մեզ հետ խնդիր չունեն, իրենց խնդիրը Լյովիկի հետ է կապված: Նրանք հայհոյանքներ էին հնչեցնում Լյովիկի հասցեին: Պարզ էր, որ մեզ ծեծում էին, որ Լյովիկին հասկացնեն, որ իրենց խնդիրն իր հետ է: Արդեն պարզ էր, որ մեզ առեւանգած մարդիկ ոստիկաներ չէին, այլ մարդիկ էին, ովքեր հաշիվներ ունեին Լյովիկի հետ: Հետո նրանք գնացին, առավոտյան եկան, մեզ առաջարկեցին հաց ուտել: Լուսադեմին, երբ դրսում էին, դռան անցքից ես տեսա, որ մեզ անձինք էին հսկում: Հետո՝ երեկոյան, մեզ մոտ եկան անձինք, ովքեր նորից պարկ քաշեցին մեր գլխին, մեզ տարան ու թողեցին անհայտ վայրում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում