Armtimes.com-ը գրում է.
ՀՀԿ-ն սկսել է ակտիվ քննարկումների շարք՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցության ռեյտինգային ցուցակների կազմման շուրջ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ քննարկումները դեռ չեն ավարտվել:
«Քննարկումներ կան ե՛ւ մարզային կառույցների ղեկավարների հետ, ե՛ւ առհասարակ: Օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով դա կհրապարակվի եւ կներկայացվի հանրությանը: Յուրաքանչյուր մարզում, ընտրատարածքում կքննարկենք մեր տարածքային, շրջանային կառույցների հետ եւ անհրաժեշտությունից ելնելով կորոշենք, թե 13 ընտրատարածքներում ովքեր կառաջադրվեն»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Հարցին՝ Լոռիում դուք լինելո՞ւ եք ռեյտինգային ցուցակում, հաշվի առնելով, որ ծնունդով Ալավերդի քաղաքից եք, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ինձ հետ որեւէ նման քննարկում չի եղել: Կուսակցության ղեկավարը, կուսակցության ղեկավարությունն ինձ հետ նման քննարկում չի իրականացրել: Երկրորդը՝ Լոռիում մենք ունենք մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներ, որոնք 10 տարի, 5 տարի շատ ակտիվ աշխատում են իրենց ընտրողների հետ եւ չեմ կարծում, որ նրանք այնքան թերացել են իրենց աշխատանքում, որ պետք է կողքից՝ Երեւանից օժանդակություն գա»:
ՀՀԿ մամուլի խոսնակի խոսքով՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից ՀՀԿ-ն պատգամավոր ունի, իսկ ռեյտինգային ընտրակարգի հնարավորություններից օգտվելով նա չբացառեց, որ ՀՀԿ-ն Ալավերդի քաղաքից այլ թեկնածու էլ կառաջադրի: «Կան երիտասարդ, խելացի, բանիմաց, միջազգային կրթություն ունեցող մարդիկ: Նրանցից մեկն էլ՝ կին է: Մենք թեկնածուների խնդիր չունենք: Տեղում շատ լավ կադր ունենք իգական սեռի, որի օժանդակության դեպքում շատ ձայներ հնարավոր է ստանանք: Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածում, որտեղ ես եմ ապրում, այնտեղ էլ շատ ակտիվ թեկնածուներ ունենք: Ե՛ւ Ավանում, ե՛ւ Նոր Նորքում էլ շատ ակտիվ աշխատում է մեր Ռոբերտ Սարգսյանը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ կուսակցության վերջնական որոշում դեռ չկա:
Հարցին՝ ո՞վ է Ալավերդու այդ կին թեկնածուն, ՀՀԿ խոսնակը չցանկացավ անուն նշել. «Դեռ վերջնական որոշում չկա, ինչո՞ւ ես անուն-ազգանուն ասեմ»:
Անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստի հետ կապված մեր հարցին, նա ասաց, որ օրենքով խորհրդի նիստ հրավիրելու ժամկետներ սահմանված չեն եւ երբ որոշում լինի նիստ հրավիրելու, կհայտարարեն այդ մասին:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում