▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ Պապոյանը ողջունում է ՀՀ-ում թուրքական ներդրումները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ողջունում է ՀՀ-ում թուրքական ներդրումները. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նա հիշեցրեց, որ թուրքական ընկերություններ ՀՀ-ում ներգրավված են դեռևս 2012-2013 թվականներից։

Մեկ բրենդի դեպքում շատ ուղղակի է ներկայացած, և ես ողջունում եմ այդ ներդրումները, քանի որ ցանկացած խաղաղություն հարևանների միջև պետք է ամրապնդվի ֆինանսական ներդրումներով, եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Նորմալ եմ համարում, որ ՀՀ-ում խաղաղության հաստատման պարագայում, սահմանները բացվելուց հետո ներդրումներ գան, այդ թվում՝ նաև թուրքական, իսկ մենք էլ այնտեղ ներդրում անենք։ Եթե թվում է, որ հակառակ պարագայում կենսունակ պետություն կարող ենք լինել, ապա նայեք պետության նախորդ 3 տասնամյակի պատմությանը։

***

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլն իր հակահայկական «շքերթների» տիրաժավորման ընթացքում բավական հետաքրքիր մի նրբության մասին է խոսում, որը թերևս վրիպել է բոլորիս աչքից։ Տեսեք, վերջինս, խոսելով իր կողմից իրականացվող գաղափարական վերաձևավորման և իրերին ու իրադարձություններին ուրիշ աչքով նայելու մասին կամ, այսպես կոչված, «ԳլավԼիտի տեսության» ձևավորման համատեքստում, նշում է, որ առանցքային դեր է ունեցել «Հայոց պատմության» ակադեմիական տարբերակը և Մովսես Խորենացու ընթերցումը։
Ավելին՝ նա, իրեն բնորոշ ցինիզմով, շեշտում է, թե «երբ գիրքը կարդում եմ, նրա հետ դիալոգի մեջ եմ մտնում և հաճախ հարցնում՝ «Հայոց պատմությո՛ւն, ես հիմա Հայաստանի ղեկավարն եմ, ի՞նչ խորհուրդ կտաս ինձ, ի՞նչ անեմ այս իրավիճակում»», և ըստ Նիկոլի մեկնության՝ պատմությունը նրան հորդորել է «դասեր քաղել և չկրկնել պատմական սխալներ»։
Եվ ահա, Նիկոլն էլ դրանից ոգևորված ու տոգորված որոշել է գլխիվայր շուռ տալ ողջ պատմությունը՝ սկսած հենց «Հայոց պատմություն» տերմինից՝ այն դարձնելով «Հայաստանի պատմություն»։
Հարց եմ տալիս նույն Նիկոլին. բա որ էդքան «ուշադիր» ես կարդացել ու «դասեր ես քաղել» պատմությունից, էդ պատմությունը քեզ չի՞ պատմել, օրինակ, թե 1200-ականների սկզբին Զաքարե Զաքարյանը ի՞նչ արեց թուրք իշխանների՝ մասնավորապես Արդեբիլի էմիրի հետ։ Եթե դա քեզ չի ասել «Հայոց պատմությունը», ես ասեմ. Զաքարեն 500 տարի անց լուծել է 703-705 թթ․ Նախիջևանի Խրամ եկեղեցում վառված հայ նախարարների վրեժը։ Հասկանում ես՝ պատմությունը նաև ասում է, որ վրեժ են լուծում թշնամուց և ցույց են տալիս, որ ոչինչ ու ոչ մի բան չի մոռացվում։ Ուղղակի դա տեսակի հարց է՝ թրքահպատակ ու կզած:
Հիմա դու որքան էլ քիրվայություն անես, քո նախարար Պապոյան Գևորը հայտարարում է, թե «Հայաստանում թուրքը կարող է գալ ու ներդրում անել», դա ձեր տեսակի մոտեցում է, ոչ թե հայի։ Դա դուք եք որոշել ու ընտրել՝ կարծելով, թե ներկայացնում եք «հայ ժողովրդի» տեսակետն ու կամքը։
Սա ընդամենը մի դրվագ է։ Առաջիկա օրերին քեզ մի քանի այլ դրվագներ էլ կներկայացնեմ և ցույց կտամ, որ այդ «Հայոց պատմությունն» էլ ես դու քո ոճով կարդում ու քո ուզած հատվածները յուրովի մեկնաբանում, մինչդեռ իրականում այն շատ խորը և ճանաչողական խրատներ է տալիս»։

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողները խնդրեցին մեկնաբանել Էկոնոմիկայի նախարարի այն խոսքը, որ «Հայաստանում թուրքական ընկերություններ վաղուց կան և որևէ խնդիր չկա դրա հետ կապված»։ «Այսինքն, դա նույնն է, ոնց որ ասես՝ դե միևնույն ա թմրամոլությունը կա, էնա օրինականացնենք, պրծնենք էլի, թեթևից սկսած մինչև ամենածանր օգտագործումը»,- մեկնաբանել է Արթուր Խաչատրյանը։ «Պետք է պատրաստ լինել մեծ շուկա և փոքր շուկա հարաբերություններին։ Այսօր կառավարությունը որևէ բան չի անում, որպեսզի Հայաստանի տնտեսությունը պաշտպանի թուրքական էքսպանսիայից։ Առաջին հարվածը գալու է գյուղատնտեսության վրա, 2-րդը տեքստիլի վրա, բնագավառներ, որոնք մեծապես սոցիալական նշանակություն ունեն։ Կառավարությունը կամ էկոնոմիկայի նախարարությունը ճիշտ կլինի՝ հաշվարկ ներկայացնի, թե Հայաստանի վրա ինչ ազդեցություն կունենա»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը՝ խոսելով Հայաստանում թուրքական ներդրումներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more