Փաստինֆոն գրում է. ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական փաստաթղթեր վնասելը, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով) ՝ մեղադրվող 39-ամյա Սուսաննա Թադևոսյանը 20 օր հետախուզման մեջ գտնվելուց հետո հայտնաբերվել է և տեղափոխվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:
Կնոջ հայտնաբերվելու մասին տեղեկանում է նրա պաշտպան, փաստաբան Աննա Թամազյանը:
Վերջինս «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Սուսաննա Թադևոսյանը քրեական գործով դատաքննության ընթացքում մեկ անգամ դատական նիստին չի ներկայացել, որից հետո քրեական գործի վարույթը կասեցվել է, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել և խափանման միջոց չհեռանալու ստորագրությունը կալանավորմամբ փոխարինելու որոշում կայացվել:
Սակայն խնդիրն այն է, որ իր պաշտպանյալն արդեն 3 օր է, ինչ հայտնաբերվել է, և այդ մասին տեղյակ չի գործով նախագահող դատավորը և մեղադրանքը պաշտպանող դատախազ Ռաֆայել Մանուկյանը: Իսկ երբ ինքը ցանկացել է տեսակցել իր պաշտպանյալին քրեակատարողական հիմնարկում, իրեն թույլ չեն տվել՝ ասելով, որ գործը վերսկսելու որոշում իրենք չեն ստացել, ուստիև փաստաբանը չի կարող տեսակցել իր պաշտպանյալին: Միևնույն ժամանակ ՔԿՀ-ում պաշտպանին խնդրել են հաջորդ անգամ ՔԿՀ գնալիս գործը վերսկսելու մասին որոշում ներկայացնել:
Փաստաբանն իր պաշտպանյալին ՔԿՀ-ում տեսակցելու թույլատվությամբ երեկ գրությամբ դիմել է գործը քննող՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանին: Դատարանն ի պատասխան փաստաբանին հայտնել է, որ «ի պատասխան Ձեր դեկտեմբերի 22-ի գրության հայտնվում է, որ Սուսաննա Թադևոսյանը գտնվում է հետախուզման մեջ և նրա վերաբերյալ քրեական գործը գտնվում է կասեցված վիճակում, այդ իսկ պատճառով չի կարող Ձեզ տրամադրվել համապատասխան թույլտվություն Սուսաննա Թադևոսյանին ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում տեսակցելու մասին»:
Ըստ պաշտպանի՝ Սուսաննա Թադևոսյանին հայտնաբերել է Մարաշի ոստիկանությունը և անմիջապես տեղափոխել է ՔԿՀ և միայն 3 օր հետո կնոջ՝ ՔԿՀ-ում գտնվելու մասին տեղեկանում են դատավորը և դատախազը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում