Բոլորին է հայտնի, որ գիտության ոլորտում լուրջ հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ են զգալի նյութական միջոցներ: Մեր պետությունը, չնայած իր սահմանափակ հնարավորություններին այնուամենայնիվ որոշակի միջոցներ է հատկացնում հանրապետությունում գիտական հետազոտությունների իրականացմանը: Հասկանալի է, որ այդ միջոցները անբավարար են, ուստի ավելի է կարևորվում հատկացված ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը:
Իսկ ին՞չ է տեղի ունենում իրականում, ին՞չ սկզբունքներով են ընտրվում Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաները:
Առաջին հայացքից ամեն ինչ թափանցիկ է, գոյություն ունեն չափորոշիչներ, որոնցով էլ առաջնորդվում են այսպես կոչված հանձնաժողովները: Եթե տեխնիկական փորձաքննությունը շատ թե քիչ արդար է, ապա նույնը չի կարելի ասել հետագա փորձաքննությունների մասին, այստեղ ամեն ինչ «փակ» է, քանի որ փորձաքննությունը իրականացնում են «գաղտնի» երկու փորձագետ, առաջինը հանրապետությունից իսկ երկրորդը արտերկրից:
Ահա այստեղ էլ «թաղված է շան գլուխը»: Հարց է առաջանում թե այդ ի՞նչպես է ստացվում, որ «հաղթաց» շատ թեմաների ղեկավարներին դեռ փորձաքննության սկզբից արդեն հայտնի են եղել իրենց թեմաների «գաղտնի» փորձագետների անունները: Տարօրինակ է չէ՞: Եվ սա դեռ ամենը չէ: Փորձաքննության սկզբից արդեն «հաղթած» թեմաների ղեկավարներից ոմանց հայտնի էին նաև արտերկրի փորձագետների անունները: Այդ մասին զրույցների ընթացքում իրենց «մոտիկներին» տեղեկացրել են մի շարք «ֆինանսավորման երաշխավորված» թեմաների ղեկավարներ:
Ավելի սարսափելին այն է, որ լուրջ կասկածներ կան այն մասին, որ ոչ միայն «ներսի», այլև «դրսի» փորձագետները ի սկզբանե հրահանգավորված են եղել թե որ թեմային որքան միավոր պետք է նշանակեն, իսկ որոշ դեպքերում էլ դրսի փորձագետը եղել է միայն թղթի վրա, այսպես կոչված «վիճակահանության» արդյունքում «ընտրվածը» անգամ գոյություն չի ունեցել: Էլ չենք խոսում «երաշխավորված» շատ թեմաների անվանումների մասին, անվանումներ, որոնք չէին սազի անգամ մագիստրոսական թեզերի:
Մեր նպատակը չէ կոնկրետ անուններ տալը, առավել ևս որևէ մեկին վնասելը: Այնուամենայնիվ խոսենք որոշ փաստերով: Այսպես, 2015թ-ին ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ «Հ.Պետրոսյանի անվ. հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի ԳԿ» մասնաճյուղից հիմական մրցույթի ժամանակ ֆինանսավորման է երաշխավորվել 4 թեմաներ (ընդ որում համառորեն լուրեր են պտտվում այն մասին, որ երաշխավորված է եղել 6 թեմա, և աղաղակող անարդարության դեմ սպասվող բողոքների ֆոնին ստիպողաբար երկու «հաղթած» թեմաների ղեկավարները «հրաժարվել են» այդ թեմաներից), իսկ իրենց կառուցվածքով բազմապրոֆիլ, իրոք կիրառական բնույթի կարևորագույն թեմաներ ներկայացրած այլ Գիտական կենտրոններից կամ ոչ մի թեմա «չի երաշխավորվել ֆինանսավորման», կամ «երաշխավորվել են» եզակի թեմաներ: Պատճառը հայտնի է բոլորին. «Հ.Պետրոսյանի անվ. հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի ԳԿ» մասնաճյուղի տնօրեն ոմն Հունան Ղազարյանը հանդիսանում է «գյուղատնտեսական գիտություններ» ենթահանձնաժողովի նախագահը և հայտնի է «գործ դզող» մականմամբ:
Ինչևէ, ներկայումս մեր հանրապետությունում գործող Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի անցկացման կարգը անհրաժեշտ է ենթարկել արմատական փոփոխությունների առկա հովանավորչական և կոռուցիոն ռիսկերը բացառելու համար:
Անիկ Համբարձումյան