▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Freedom House-ը պատասխանել է իր «հայամետ» լինելու մասին Ալիևի հնչեցրած հայտարարությանը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեկնաբանել է սեպտեմբերի 20-ին Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններն իր հասցեին:

Այս մասին գրում է contact.az-ը:

Freedom House-ի գործող նախագահ Դենիել Կալինգաերտն իր հայտարարությունում խիստ քննադատության է ենթարկել Իլհամ Ալիևի կառավարությանը:

«Նախագահ Ալիևն ամենապատասխանատու անձն է վերջին 10 տարում ստեղծված մարդու իրավունքների հետ կապված սարսափելի վիճակի և քաղաքացիական հասարակության ու քաղաքական ընդդիմության ակտիվիստների ձերբակալության առումով»,- ասել է կազմակերպության նախագահը: Նա ընդգծել է, որ Freedom House-ը կշարունակի իր աշխատանքն Ադրբեջանի ուղղությամբ:

«Freedom House-ը կշարունակի իր ջանքերը՝ ուշադրություն գրավելու համար Ալիևի կառավարության կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտման դեպքերին»,- նշված է հայտարարությունում:

Իլհամ Ալիևը սեպտեմբերի 20-ին ԵՄ-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցության պատվիրակության հետ հանդիպմանը մեղադրել է Freedom House-ին կողմնակալության համար:

«Freedom House-ը հայամետ դիրքորոշում է ընդունել և մշտական հարձակումներ է գործում Ադրբեջանի վրա, այդ պատճառով մեր երկիրը ոչ մի կապ չունի այդ կազմակերպության հետ: Ես կասեմ, որ մեզ համար նշանակություն չունեն Freedom House-ի զեկույցները, և այդ փաստաթղթում այդ կազմակերպության հիշատակումն ինձ մոտ ափսոսանքի զգացողություն է առաջացնում»,- ասել է Ալիևը:

 

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more