▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի էլ ամաչում, եկել փող է ուզում

Մարտի 27-ին նշվում է թատրոնի համաշխարհային օրը: Առաջին անգամ տոնը նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ողջ աշխարհում: Թատրոնի համաշխարհային օրը (World Theatre Day) տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ: Առաջին ուղերձը գրել է ֆրանսիացի գրող և նկարիչ Ժան Կոկտոն (Jean Cocteau, 1889-1963թթ.) 1962 թվականին:

«Էս անտեր թատրոնը փող է սիրում: Անհրաժեշտ գումարի դեպքում ներկայացումը հաջողություն կունենա, բայց մենք ստիպված ամեն ինչ փոքրացնում ու տեղավորում ենք լուցկու տուփի մեջ: Ճիշտ է, դատարկ բեմում էլ կարելի է խաղալ, բայց դրա համար փայլուն դերասաններ են պետք, որ կարողանան պահել հանդիսատեսին: Փայլուն դերասաններին փայլուն գումարներ են անհրաժեշտ: Մեզ մոտ Կառավարությունն արժանավորներին չի տալիս այն, ինչ պետք է: Իշխանության 70 տոկոսը լինելով «ջմբրլախ» գյուղի բնակիչ, չի կարողանում հասկանալ, թե որն է իսկական արվեստը: Ճաշակ չունեն,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը՝ շարունակելով.

«Մեզ մոտ նկատել եմ՝ ամեն ինչին սկսել են ասել՝ լավ ա, ոչինչ: Սա չափանիշ է դարձել:

Հարցնում են՝ այս վիրաբույժը լավն է, պատասխանում են, թե լավն ա, ոչինչ: Այսինքն, կարող ա սխալ անի ու մեռնես: Էլ ո՞վ կգնա: Կամ՝ այս ներկայացումը գնամ նայեմ, ասում են՝ գնա, լավն ա, ոչինչ: Ոչ ոք չի գնա»:

Դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանն էլ շարունակելով վերջինին՝ ասաց.

«Միտում կա՝ շնորհալի դերասաններին մի կողմ դնել, իսկ այն մարդիկ, ովքեր ոչինչ են, նրանցից դեմք են սարքում: Մեղք է մեր ժողովուրդը: Ախր նրան որակյալ գործեր են պետք: Երբ աշխատում էի Լեհաստանի թատրոնում, ներկայացումից հետո հովանավորները՝ մեծահարուստները գալիս ու դերասանների հետ քննարկում էին, թե ով ինչպես է խաղացել և որ դերասանի խաղը հավանում էին, նրան գումար էին տալիս: Այ, այսպես են լինում օլիգարխները: Իսկ այստեղ, երբ դերասանները գումար են խնդրում՝ գործ անելու համար, չգիտես ինչու՝ ամոթ է համարվում: Չի կարելի այդպես, պետք չէ ասել՝ չի էլ ամաչում, եկել փող է ուզում: Գալիս, ներկայացումը նայում, ասում են լավն է, ցտեսություն»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more