ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը կարծում է, որ հասարակության շրջանում բարձրացված աղմուկն արհեստածին է.
«Այն հաստատ դրսից են ղեկավարում, որովհետև ապրիլյան պատերազմից հետո կար ազգային տուրքի պահանջ: Ընտանիք չկար, որ մտահոգված չլիներ, չմտածեր, թե ինչպես օգներ բանակին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սուքիաս Ավետիսյանը:
Նրա փոխանցմամբ՝ լինելու է 9 հոգուց բաղկացած հոգաբարձուների խորհուրդ, 3-ը կարող է ներկայացնել քաղաքացիական հասարակությունը, 3-ը՝ ընդդիմությունը:
«Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ նկատեց.
«Անժխտելի է, որ յուրաքանչյուր հայ բանակի կողքին պետք է լինի, հոգա զինվորի հոգսը: Իսկ այս նախագիծը պաշտպանողները չպաշտպանողներից ավելի հայրենասեր չեն: Իմ և շատերի կողմից այս նախագծի քննադատությունը կապված է վստահության բացակայության հետ: Ձեզ նման ոգևորված կոչերով Արթուր Աղաբեկյանը «Մարտիկ» հիմնադրամը ստեղծեց: Հոգաբարձուների խորհրդում էլ 9-ը չէ՝ 15 հոգի կա: Արդարադատության նախարարության տվյալներով՝ 2015 թվականին ընդհանուր առմամբ մոտ 82 միլիոն դրամ է ծախսվել, որից 58 միլիոն 500.000-ը՝ կանոնադրական նպատակներով: Թե որո՞նք են դրանք՝ չեն ասում: Գրված է նաև՝ սպայական կազմի ուսուցում արտասահմանում: Հարց եմ ուղղել՝ քանի՞ սպա է գնացել վերապատրաստման, պատասխան չկա, բանակի համար ի՞նչ եք արել՝ ոչ մի պատասխան»:
«Այստեղ հստակ գրված է, թե գումարն ի՞նչ ձևով է գոյանալու, ո՞ւմ համար և ի՞նչ քանակով է օգտագործվելու»,-միջամտեց Սուքիաս Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման մասին նախագիծը, որով յուրաքանչյուր աշխատողից ամեն ամիս պետք է գանձվի 1000 դրամ:
Անի Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում