▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ասում են՝ ձեր իշխանությունն արևմտամետ է». Իրանի պետական հեռուստաընկերության լրագրողը` Նիկոլ Փաշինյանին

Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ընթացքում լրագրողը հարց է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Ասում են՝ ձեր իշխանությունն արևմտամետ է: Մտահոգություն կա, որ այս ընթացքը՝ արևմտամետությունը, կազդի Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձեր հարաբերությունների վրա»:

Փաշինյանը պատասխանել է. «Մեր Կառավարությունը որդեգրել է և իրականացնում է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, և այս ձևակերպումն իսկ չի ենթադրում կամ նույնիսկ բացառում է «մետության» որևէ քաղաքականություն արտաքին քաղաքականության ոլորտում։ Հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը հիմնվում է և ավելի ու ավելի շատ պետք է հիմնվի մեր երկրի պետական շահերի վրա, և սա մեր ընդհանուր մոտեցումն է:

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա, հեղափոխությունից հետո այդ գնահատականներն ավելի սուր և ավելի շատ էին հնչում: Բայց եթե մենք հետահայաց նայենք 2018 թվականից այս կողմ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների դինամիկային, թող անհամեստություն չդիտվի, բայց ես չեմ կարծում, թե վերջին յոթ տարվա հարաբերությունների զարգացման այս դինամիկան զիջում է նախկինում գոյություն ունեցած որևէ յոթ տարվա։

Մյուս կողմից պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը 2000 թվականից, օրինակ, Եվրոպայի խորհրդի անդամ պետություն է: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը նաև այս կազմակերպության հենց հիմնարար բերումով, շատ ամուր կապեր ունի Եվրոպայի հետ, եթե արևմուտք ասելով նկատի ունենք Եվրոպան, Հայաստանը նաև Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ է: Մյուս կողմից՝ մենք 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո որդեգրել ենք ժողովրդավարական բարեփոխումների մի օրակարգ, և այդ բարեփոխումների շուրջ բավականին ակտիվ համագործակցություն ենք ծավալում Եվրոմիության, Եվրոպայի խորհրդի հետ և այլն, և այդպես շարունակ:

Բայց մյուս կողմից՝ մենք նաև շատ մեծ ուշադրություն ենք դարձնում մեր տարածաշրջանային քաղաքականությանը, ընդ որում՝ արձանագրելով, որ մեր տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրը զարգացման իր տեսլականը, կառավարման իր մոդելը, քաղաքական իր հայացքը և գաղափարախոսությունն ունի, և մենք հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուր ժողովրդի և պետության ինքնիշխան իրավունքին՝ որոշելու իր զարգացման բովանդակության վերաբերյալ հարցերին։ Բայց մյուս կողմից՝ տարածաշրջանային այս բազմազանությունը նաև հնարավորություններ է ստեղծում մեզ ինտեգրված լինել ոչ միայն արևմուտքին, այլև ինտեգրված լինել արևելքին։ Մենք չենք ուզում, որպեսզի, պայմանական, արևելքի հետ մեր հարաբերությունները նվազեն կամ թուլանան, մենք ուզում ենք, որ այդ հարաբերությունները խորանան։ Մենք ուզում ենք, որ իսլամական աշխարհի հետ մեր հարաբերությունները շարունակեն խորանալ։ Եվ այս առումով՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են, որովհետև ինչպես ասացի, դա բխում է մեր բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունից։

Ես կարող եմ այդպիսի հավակնոտ պնդում անել, որ մեր այլ հարաբերություններում սպառնալիք չկա Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, և ես հույս ունեմ և համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության այլ երրորդ կողմերի հետ հարաբերություններում սպառնալիք չկա Հայաստանի Հանրապետությանը: Այս ըմբռնումն է, որ բնականոն պայմաններ է ստեղծում մեր հարաբերությունների խորացման համար»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

***

Ներկայացնում ենք հարցազրույցից ևս մի հատված:

IRIB - Ինչպես տեղյակ եք՝ Իրան-Հայաստան հարաբերություններն ունեն լուրջ հակառակորդներ, բայց կարևորը երկու երկրների ազգային շահերն են: Ձեր կարծիքով, ինչպե՞ս պետք է պաշտպանել այդ հարաբերությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այն բանաձևը, որի մասին ես ասացի, հարաբերություններ, որոնք հիմնված են երկու երկրների բնական շահերի վրա, հենց այս բանաձևն ինքը որոշակի պաշտպանություն է ստեղծում հարաբերությունների զարգացման համար։ Ընդհանրապես պետք է արձանագրել, որ միջազգային հարաբերությունները բարդ են և միշտ էլ բարդ են եղել, այսինքն` մենք մարդկության պատմության մի ժամանակաշրջան չենք կարող դուրս բերել, որ ասել, գիտեք ինչ՝ հարաբերությունները շատ պարզ էին, հարաբերությունները միշտ բարդ են և միշտ կա ցանկություն անել ավելին և այդ ավելին անելու ցանկությունն է, որ բերում է զարգացման և աճերի:

Շատ կարևոր է արձանագրել, որ մենք Իրանի Իսլամական Հանրապետության շահերի նկատմամբ զգայուն ենք, և Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես մեր շահերի նկատմամբ զգայուն է: Ես կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք հարաբերությունների բնական շահերի վրա հիմնված լինելու հանգամանքի վրա, որը մեր հարաբերությունները դարձնում է օրգանիկ, մեր հարաբերությունները դարձնում է կենդանի, մեր հարաբերությունները դարձնում է ապրող և զարգացող։ Եվ այս իմաստով ես միշտ հակված եմ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններում կենտրոնանալ դրական գործոնների վրա, որովհետև եթե կենտրոնանանք բացասական գործոնների վրա, որոնք… Ինչպես նշում եք՝ կան գործոններ, որոնք նեգատիվ են ազդում, այդ գործոնները գաղտնիք չեն, այդ թվում՝ բարդ հարաբերություններն են Իրանի Իսլամական Հանրապետության և մի շարք արևմտյան երկրների միջև, որոնց հետ մենք նույնպես ունենք հարաբերություններ, ընդ որում՝ լավ հարաբերություններ: Մենք փորձում ենք Իրանի Իսլամական Հանրապետության այս զգայուն շահերը հաշվի առնել և մեր գործընթացներում հակադրություններ չստեղծել, այդ թվում՝ այն պատճառով, որ Իրանի հետ մեր հարաբերությունների զարգացումը բխում է մեր բնական շահերից:

***

«Հաշվի առնելով Ադրբեջանից Նախիջևան տարանցիկ երթուղու հետ կապված մարտահրավերները՝ խնդրում եմ ասեք, թե ինչպիսի՞ն է Հայաստանի ընդհանուր քաղաքականությունն այս երթուղու առնչությամբ, ինչո՞ւ դեռևս չի ստորագրվել և ի՞նչ կարմիր գծեր գոյություն ունեն Հայաստանում»,- Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադառնալով այս հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Մենք ձևավորել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը մեծ հաշվով մեր տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապուղիները և տնտեսական կապերն ապաշրջափակելու մասին է: Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերաբացումն այս համատեքստում շատ կարևոր թեմա է, և իհարկե, այս համատեքստում կարևոր են նաև Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Եվ մենք, բոլորովին վերջերս, շատ կոնկրետ առաջարկություն ենք արել Ադրբեջանին այս խնդիրը լուծելու համար, և խոսքն առաջին փուլում վերաբերում է երկաթուղային բեռնափոխադրումների իրականացմանը: Իհարկե, մենք կարծում ենք, որ այդ խնդիրը պետք է լուծվի երկրների տարածքային ամբողջականության, իրավազորության և ինքնիշխանության հարգմամբ: Եվ այն լուծումը, որ մենք առաջարկել ենք, կարծում ենք՝ լիարժեք բավարարում է այս պայմանին:

Բացի դա, շատ կարևոր է, որ դա բավարարում է նաև լիարժեք, լիաթոք, ամբողջական բեռնափոխադրումներ իրականացնելու պայմանին, այսինքն, որ այդ բեռնափոխադրումներն իրականանան, չլինեն խոչընդոտներ։

Իհարկե, ինչն է այստեղ նրբությունը, որ այսօր Ադրբեջանից դեպի Նախիջևան կապ կա Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով, և մենք ասում ենք նաև, որ ըստ էության, մեր պատկերացումներն այնպիսին են, որ այն պայմանները, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջարկում է Ադրբեջանին, նույն պայմանները պատրաստ ենք նաև առաջարկել մենք, իհարկե՝ հաշվի առնելով առանձնահատկությունը, որ տվյալ դեպքում ոչ միայն Ադրբեջանից Հայաստանի տարածքով Ադրբեջան, այլև Հայաստանից Ադրբեջանի տարածքով Նախիջևան երկաթուղային բեռնափոխադրումների մասին է:

Մենք պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների գնալ՝ իհարկե, փոխադարձության սկզբունքով: Բայց այստեղ շատ կարևոր է արձանագրել նաև, թե ինչ տեղի կունենա այս նախագիծն իրագործելու պարագայում։ Սա շատ պոզիտիվ ազդեցություն կունենա նաև Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, որովհետև այս համատեքստում նշանակում է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կկարողանան միմյանց տարածքներն օգտագործել միջազգային երկաթուղային բեռնափոխադրումների համար։

Դուք գիտեք, որ մենք այս կապուղիները բացվելու պարագայում Հայաստան-Իրան երկաթուղի կունենանք, ինչն էականորեն կխորացնի մեր տնտեսական հարաբերությունները: Եվ միևնույն ժամանակ՝ Ադրբեջանը հնարավորություն կունենա Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ ունենալ երկաթուղային լիարժեք բեռնափոխադրումներ, ինչը նշանակում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը լիարժեք կերպով կինտեգրվեն միջազգային երկաթուղային ցանցին: Բայց սա միևնույն ժամանակ, նորից ուզում եմ ասել, էականորեն կխորացնի նաև առևտրատնտեսական հարաբերություններն Իրանի և Հայաստանի միջև։

Տեսեք, երբ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը դեպի Արևմուտք Իրանի Իսլամական Հանրապետության համար գուցե ամենակարճ և ամենահարմար ճանապարհներից է, բայց այսօրվա դրությամբ մենք երկաթուղային փոխադրումներ իրականացնելու հնարավորություն չունենք։ Շատ վաղուց է քննարկվում Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հարցը, բայց ռելիեֆի բերումով նման երկաթուղին չափազանց մեծ ներդրումներ է պահանջում, և այսօրվա պայմաններում դեռևս չկա հիմնավորում, որ հնարավոր բեռնափոխադրումները թեկուզ երկարաժամկետում կկոմպենսացնեն այդ ծախսը: Բայց իմ նշած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործման պարագայում և՛ մենք երկաթուղային կապի հնարավորություն կունենանք դեպի Պարսից ծոց, դեպի Օմանի ծոց, նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ Հայաստանի տարածքով դեպի Սև ծով և ապա նաև դեպի Արևմուտք։

Սա շատ կարևոր նախագիծ է, բայց ուզում եմ ասել, որ մենք շատ ակտիվ և լուրջ ենք տրամադրված և ուզում ենք, որ այս նախագիծն իրականացվի, այո, այդ թվում՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան և Հայաստանից՝ Երասխից դեպի Մեղրի, բայց միևնույն ժամանակ ես ուզում եմ ընդգծել միջազգային կարևորագույն համատեքստը։ Այսօր միջազգային փոխադրման գլոբալ ճգնաժամ կա, որը պայմանավորված է այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով։ Եվ այսօր ահռելի մեծ ծավալի բեռներ սպասում են հնարավորության արևմուտքից արևելք, հյուսիսից հարավ հոսելու համար, և եթե մեր տարածաշրջանային այս տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները բացվեն, այդ բեռնափոխադրումների ծավալն այնքան մեծ է, որ նույնիսկ և՛ Հայաստանի, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության, և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի տարածքով ենթակառուցվածքները չեն բավարարի այդ ամբողջ հոսքը սպասարկելու համար: Սա նաև տարածաշրջանային համագործակցության ենթակառուցվածքային նոր նախագծերի մասին մտածելու շատ մեծ հնարավորություն է տալիս»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ որոշ երկրներ ինչ-որ տեսակետ են հայտնել, թե երրորդ երկրներն այս խաչմերուկի ճանապարհները հսկեն կամ ՄԱԿ-ի կողմից լինի վերահսկողություն․ այսինքն՝ դիտորդներ ներկա լինեն այդտեղ՝ երրորդ երկրի կողմից, Փաշինյանն արձագանքեց․ «Երրորդ ուժերի մասին խոսակցությունն անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար։ Այսինքն՝ մենք նման անհրաժեշտություն չենք տեսնում և նման անհրաժեշտություն չկա բնականորեն: Շատ է խոսվում դրա մասին և որոշ շահարկումներ կան, բայց ուզում եմ նորից ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը երբեք ոչ գրավոր, ոչ բանավոր, երբեք որևէ պարտավորություն չի ստանձնել կամ բանավոր պայմանավորվածություն ձեռք չի բերել և չի համաձայնվել, որ կամ տրանսպորտային երթուղիների տրամաբանությամբ, կամ որևէ այլ տրամաբանության մեջ մեր տարածքում մեր ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը որևէ ձևով սահմանափակվի։ Եթե նույնիսկ դրա մասին որոշ պնդումներ կան, այդ պնդումները չունեն որևէ հիմք և իրականության հետ որևէ աղերս չունեն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more