▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նախարարությունը դատապարտում է՝ բուժաշխատողին ծեծի ենթարկելու համար

 

ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է Երևանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ի կեսգիշերն անց բուժաշխատողի հանդեպ բռնության դրսևորման փաստը:

Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է. «Բռնության ցանկացած դրսևորում ինքնին անընդունելի է, հատկապես, երբ ձեռք է բարձրացվում բուժաշխատողի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունը տվյալ պահին կարող է անհրաժեշտ լինել մեկ ուրիշին:

Նման արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ միայն բուժանձնակազմին, այլև ողջ հասարակությանը` ստեղծելով փոխադարձ անվստահության, անառողջ մթնոլորտ»։

Երևանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում տեղի ունեցած միջադեպից տուժած 53-ամյա բուժաշխատողը մարմնական վնասվածքներով` այդ թվում ոտքի կոտրվածք, տեղափոխվել է բուժհաստատություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նրա բուժօգնությունը, նախարարի հանձնարարությամբ, կկազմակերպվի պետական պատվերի շրջանակում:

Փետրվարի 2-ի կեսգիշերն անց Երևանում շտապօգնության կենտրոնական ենթակայանում մի երիտասարդ ծեծի է ենթարկել իրեն ենթակայանից դուրս բերել փորձող բուժաշխատողին: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական կլինիկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more