▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

147 դպրոցի ռազմագիտության դասասենյակը կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը

Երևանի քաղաքապետարանի ենթակայության հ.147 հիմնական դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվել է կրթօջախի նախկին սան, ապրիլյան քառօրյա պատերազմում արիաբար զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ:

 

Մերօրյա հերոսի ծննդյան տարեդարձի օրը նրա անվամբ դասասենյակ անվանակոչվելու «Գիտակցված մահն անմահություն է» խորագրով հիշատակի ցերեկույթին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Երևանի քաղաքապետ

Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետի տեղակալը երախտիքի խոսք է հղել միջոցառման կազմակերպիչներին՝ հատկանշելով նման նախաձեռնությունների կարևորությունն ու այն պարտքի գիտակցումը, որը հատկապես մատաղ սերնդի ներկայացուցիչներին ավելի ճանաչելի է դարձնում արցախյան հերոսամարտի մասնակիցներին ու նրանց գործը շարունակող մերօրյա հերոսներին, որոնցից մեկն էլ կյանքը հայրենիքին նվիրաբերած Ռոբերտ Աբաջյանն էր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դավիթ Օհանյանը տոկունություն է մաղթել Ռոբերտի ծնողներին և հարազատներին` վստահեցնելով, որ քաղաքային իշխանություններն իրենց լիազորությունների շրջանակում այսուհետ ևս սատարելու են հերոսաբար ընկած զինվորների ընտանիքներին`նրանց հոգսը հնարավորին թեթևացնելու համար: 

 

Հիշատակի ցերեկույթին մասնակցել են նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանը, ՀՀ ՊՆ սպայական բարձրագույն կազմի ներկայացուցիչներ, ուսուցիչներ ու աշակերտներ: Հուշ-ցերեկույթի ընթացքում ռազմահայրենասիրական երգերով ելույթ է ունեցել ՀՀ ՊՆ սպայի տան «Զորական» երգի համույթը: Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները վերհիշել են Ռոբերտ Աբաջյանի դպրոցական առօրյայի դրվագներ, ինչպես նաև գրական ակնարկ է ներկայացվել Ռոբերտի և նրա ծառայակից ընկերների`ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մղած հերոսական մարտից:

 

Ռոբերտ Աբաջյանի կրտսեր սերնդակիցները երդվել են վառ պահել նրա հիշատակը և անհրաժեշտության դեպքում անձնվիրաբար ծառայել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Ռոբերտ Աբաջյանի անվան նախնական զինվորական պատրաստության դասասենյակի բացման պատիվը վերապահվել է Ռոբերտ Աբաջյանի հորը` Ալեքսան Աբաջյանին և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին, ով սեփական միջոցներով իրականացրել է դասասենյակի նորոգումը: Ռոբերտ Աբաջյանի անվան դասասենյակում ներկաները ծաղիկներ են խոնարհել նրա անկյունին, դիտել մերօրյա հերոսի կյանքի մասին պատմող ցուցադրություն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more