▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Բեգլարյանը պաշտոն զբաղեցնելու տարիներին պետությանը պատճառել է 2,3 մլրդ դրամի վնաս․ ՀԿԿ

Գագիկ Բեգլարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին (2002-2010) ապօրինի ձեռք է բերել 27 գույք՝ պետությանը պատճառելով 2,3 մլրդ դրամի վնաս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Նշվում է, որ Բեգլարյանը 2004-2017 թթ. ընթացքում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը:

Դեռևս 2022 թվականին պարզվել էր, որ 2002-2010 թվականների ընթացքում Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի, այնուհետև Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Բեգլարյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ Երևան քաղաքում և այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ անշարժ գույք: Քրեական վարույթով հսկողություն իրականացնող դատախազը 2022 թվականի նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել Բեգլարյանի նկատմամբ 27 դեպքով հարուցել հանրային քրեական հետապնդում։

«Նախաքննության ընթացքում Գ. Բ.-ի կողմից վերականգնվել է շուրջ 210 մլն դրամ, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի չափով արգելանք է դրվել վերը նշված 27 անշարժ գույքի վրա»,–նշված է հաղորդագրության մեջ:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին