▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասեկոսե...Դասական պատմվածք՝ կիրակնօրյա ընթերցման համար

Թեյացրման բաժնի հսկիչ Ֆեդոր Իվանովիչ Ակվինսկին գնում էր լողարան, որը գտնվում էր երկու վերստ հեռու նրա վարձած շան բնից, որին միայն տիրոջ բորբոքված երևակայությունը կարող էր ամառանոց անվանել: Մտնելով լողարան, Ակվինսկին արագ հանվեց և ցնցվելով առավոտյան մեղմ սառնությունից, զգուշորեն հնամաշ, երերուն աստիճանով իջավ ջուրը: Լուսավոր, հենց նոր վաղորդյան ցողով լվացված արևը թույլ, տաք ցոլքեր էր ներում հայելու պես խաղաղ ջրերին: Դեռ լիովին չարթնացած մի ինչ-որ մժղուկ թռավ ուղղակի ջրի վրայով և հազիվ հպվող նրա թևերը դանդաղ, ծույլ շրջանակներ գծեցին, որոնք խաղաղ ցրվեցին մակերևույթի վրա: Ակվինսկին մերկ ոտքով ստուգեց ջրի ջերմաստիճանը ու ետ քաշեց, ասես այրվածք ստացած: Լողանում էր նա ամեն օր և ամեն օր էլ կես ժամ խիզախություն էր հավաքում՝ չհամարձակվելով նետվել պարզ, թափանցիկ խոնավության մեջ:
Եվ հենց որ նա պահեց շունչը և ձգեց ձեռքերը, որպեսզի անմտաբար, գորտավարի ցատկեր, կանաց լողարանի կողմից լսվեց ջրի ցայտերի և ինչ-որ մեկի շարժումների ձայնը: Ակվինսկին կանգ առավ ու նայեց ձախ: Գորշ, ջրից կանաչած արգելաբաժանի ներքնամասից սկզբում երևաց կանացի ձեռքը, հետո գլուխը և վերջապես դուրս լողաց բարձրահասակ թխահերը՝ երկնագույն լողազգեստով: Նրա գեղեցիկ ճերմակ դեմքը սառնությունից վարդագույն էր դարձել, և երբ նա ուժգին, տղամարդավարի թափահարեց ձեռքը, ջրի միջից երևաց նրա խոշոր, պիրկ կուծքը՝ փոքր-ինչ ծածկված երկնագույն կտորով:
Ակվինսկին նայելով նրան, չգիտես ինչու հոգոց հանեց, մերկ ձեռքով քաշքշեց ցեցը կերած մորուքը և ինքն իրեն ասաց.
— Սա մեր մաքսատան անդամի կինն է լողանում: Համա թե լողազգեստ է: Կարդացել եմ ես, որ արտասահմանում, մի ինչ-որ Ռիվերայում, և կանայք, և տղամարդիկ միասին են լողանում: Այ քեզ կատակ:
Երբ նա լողանալուց հետո բարակ ոտքերին քաշեց տաբատը, մտածեց. «Դե լավ… ասենք թե միասին են լողանում: Բայց ինչպե՞ս են հանվում: Կնշանակի ամեն դեպքում երկու սենյակ է անհրաժեշտ: Բաներ են մոգոնում»:
Մաքսատուն ծառայության վերադառնալով, նա համբարանոցի սովորական եռուզեռից հետո նստեց թեյի արկղի վրա և գործընկեր Նիկիտինից ծխախոտ խնդրելով, հաճույքով ներքաշեց գարշահոտ էժանագին ծուխը…
— Լողանում էի ես այսօր առավոտյան, Նիկիտին, մեկ էլ տեսնեմ՝ կանանց լողարանից մեր անդամի կողակից Տարասիխան է լող տալիս: Մասխարա բան: Դե, մտածում եմ, ինձ կտեսնի՝ կասի ամուսնուն: Ախր շատ մոտիկ էր: Իսկ ահա արտասահմանում, Ռիվերայում, ասում են՝ տղամարդիկ ու կնանիք միասին են լողանում… Հըմ: Այ թե այնտեղ գնայի:
Երբ այդ խոսակցությունից կես ժամ անց Նիկիտինը արխիվում գրասենյակայինների հետ օղի էր խմում, հացի պատառի վրա ապուխտի կտորը դնելով ասաց՝ ոչ մեկին չդիմելով.
— Այ թե մազալու բան է: Ակվինսկին այսօր մեր անդամ Տարասովի կնոջ հետ գետում լողացել է: Ասում են, որ ինչ-որ մի Ռիվերայում բոլորը միասին՝ և տղամարդիկ, և կանայք լողանում են: Ասում է՝ գնալու եմ Ռիվերա: Կգնաց, բա չէ… Դրա համար փող է պետք, աղավնյակս:
— Ինչի չէ որ,- խառնվեց համբարանոցի աշխատող Նիբելունգովը:- Նրա մորաքույրն, ասում են, հարուստ է: Կարող է մորաքրոջից վերցնել…
Լսվեցին քարտուղարի ոտնաձայները, և սնվողների ամբողջ խումբը, ինչպես մկներ, ցրվեցին տարբեր կողմեր:
Իսկ ճաշի ժամանակ առաքիչ Պորտուպեևը, բորշչը ափսեի մեջ լցնելով, ասաց փոքրիկ, մանր, փշոտ աչքերով և կապտած, ջղուտ ձեռքերով իր կնոջը.
— Համա թե բաներ են կատարվում, Պետրովնա, մեր մաքսատանը: Ակվինսկին, ոչ ու փուչ լինի նա, պատրաստվում է աշխարհի ծայրը՝ Ռիվերա գնալ և Տարասովայի կնոջ խելքն էլ կերել, տանում է իր հետ: Փողը մորաքրոջից է վերցնում: Իսկ Տարասիխան այսօր նրա հետ լողացել է ու պատմել, որ արտասահմանում այդպես է ընդունված… Հի-հի:
— Ախ անամոթ,- առաքինաբար տրտմեց Պետրովնան:- Ու թող գնան կորչեն որքան կարող են հեռու, թե չէ այստեղ անառակություն կտարածեն: Մենակ թե ու՞ր է գնում դրա հետ: Ինքը կարգին կնիկ է, իսկ նա՝ այնպես… Թու…
Հաջորդ օրը, երբ Տարասովների աղախինը, ով Պորտուպեևներից հեռու չէր ապրում, եկավ Պետրովնայի մոտ հարևանավարի արդուկը խնդրելու՝ տիկնոջ շրջազգեստի համար, տիկին Պորտուպեևի սիրտը չդիմացավ.
— Էդ ի՞նչ բան է, Ռիվերայի համար արդուկած շրջազգեստնե՞ր են պետք եկել:
— Ախ, ինչ եք ասում: Այդպիսի բառեր,- աչքերը թարթերլով քմծիծաղ տվեց աղախինը՝ Պետրովնայի բառերը մեկնաբանելով միանգամայն անիմանալի կերպով:
— Դե հա, դու հավանաբար չգիտես,- նա վշտահար լռեց:
— Ախ ափսոս, հիմար են մեր կնանիք… Ու ի՞նչ է գտել դրա մեջ:
Աղախինն, այնուամենայնիվ չհասկանալով, թե բանն ինչ է, չռեց աչքերը:
— Այո, ձեր Մարիա Գրիգորևնան լավն է, բան չունեմ ասելու: Համբարանոցի առնետ Ակվինսկու հետ է խոսքը մեկ արել: Լավ սիրեկան է, այո-ո… Պայմանավորվել են, որ մի ինչ-որ հիմար Ռիվերա լողանալու փախչեն, և խոստացել է մորաքրոջից փող վերցնել… Կվերցնի, ինչպես չէ: Կգողանա մորաքրոջից ու վերջ:
Աղախինը ձեռքերն իրար զարկեց.
— Բայց դա ճշմարի՞տ է, Անիսյա Պետրովնա:
— Հո քեզ չե՞մ խաբելու: Ամբողջ քաղաքն է դրա մասին փսփսում:
— Ախ, սարսափելի բան է:
Աղախինը հապճեպորեն, մոռացած արդուկի մասին, նետվեց տուն ու խոհանոցի շեմքին բախվեց հենց մաքսատան անդամի հետ, որն առանց սեթուկի ու բաճկոնի բաժակով ջուր էր տանում դեղձանիկների համար:
— Ձեզ ի՞նչ է պատահել, Միլիկտրիսա Կիրբիտևնա,- աչքերը խեթելով ու բռնելով աղախնի թմբլիկ արմունկից, հարցրեց Տարասովը:- Դուք այնպես եք ճախրում, կարծես ձեր կորստյան մատնված երկրպագուների ուրվականներից եք փրկվում…
— Թողեք,- գռմռաց աղախինը՝ առանձնապես ձևականություններ չպահպանելով այդ պատահական tete-a-tete հանդիպումների ժամանակ:- Դուք անընդհատ ճանապարհ չեք տալիս… Ավելի լավ կլիներ տիկնոջը ինչպես հարկն է հետևեիք, այլ ոչ թե ձեռքերով…
Մաքսատան անդամի թմլիկ, անվրդով դեմքն անմիջապես այլ արտահայտություն ձեռք բերեց:
Պարոն Տարասովը պատկանում էր տղամարդկանց այն հանրահայտ տեսակին, որոնք բաց չէին թողնում ոչ մի լավիկ կնոջ, որպեսզի կսմթեին նրանց՝ միևնույն ժամանակ կանանց հասարակության մեջ բերանը բացելով մինչև ծնոտի հոդախախտում և ջանալով յուրաքանչյուր հարմար պահի փոխարինել ընտանեկան օջախը անփոխարինելի պտուտակով կամ chemin de fer-ով: Սակայն կնոջ ամուսնական անհավատարմության որևէ ակնարկի հոտն առնելով այդ հեզաբարո, անվնաս մարդիկ վերածվում են Օթելլոյի՝ իրենց տեսակի այն առանձնահատկություններով ու թեքումներով, որոնք կուտակվում են փոշոտ գրասենյակներում ու ներկայանալի վայրերում:
Տարասովը վայր գցեց ջրով լի բաժակը և դարձյալ բռնեց աղախնի արմունկից, բայց արդեն այլ կերպ:
— Ի՞նչ: Ի՞նչ ես ասում, ստոր: Ապա կրկնիր:
Սարսափած մաքսատան անդամի այդ անսպասելի վերափոխումից, աղախինը թարթեց արցունքոտված աչքերն ու հայացքը խոնարհեց.
— Պարոն, Պավել Եֆիմովիչ, խաչը վկա, ես դրա հետ կապ չունեմ: Իմ գործը կողմնակի է: Բայց քանի որ արդեն ամբողջ քաղաքն է խոսում, ապա որպեսզի հետո ինձ վրա բան չլինի… Կասեն՝ դու ես օգնել: Իսկ ես՝ ինչպես Տիրոջ առաջ…
Տարասովը ջուր խմեց սեղանին դրված սափորից, և գլուխը հակելով ասաց.
— Պատմիր՝ ում հետ, ինչպես և երբ:
Աղախինը ոտքերի տակ զգաց հողը:
— Դե, բոլոր այդ փտածի հետ… Ֆեդոր Իվանովիչի… էն, որ անցյալ տարի ձեզ խեցգետին էր նվեր բերել… Ահա և խեցգետիններ: Ու ինչ ճարպկորեն է նա դա… Արդեն ամեն բան պայմանավորված է. նա մորաքրոջ կոմոդից կգողանա փողերը և միասին լողանալու կգնան Ռիվերա, թե ուր… Խայտառակություն է, ինչ խայտառակություն: Պետք է մտածել, վաղը երեկոյան գնացքով էլ կշարժվեն աղավնյակները…

* * *
Նստած թեք ընկած սեղանի մոտ՝ իր շան բնից մի քանի քայլ հեռու, թեյացրման բաժնի հսկիչ Ակվինսկին ինչ-որ բան էր գրում գլուխը կողքի հակած և սիրով նկարելով յուրաքանչյուր բառը: Ծառը, որի տակ դրված էր սեղանը, հեգնաբար թափահարում էր փոշոտ ճյուղերը, իսկ լույսի ցոլքերը սահում էին սեղանի, թղթի ու Ակվինսկու գորշ գլխի վրայով… Նրա մորուքը, ասես սոսնձված, տարուբերվում էր քամուց, իսկ ընդհանուր տեսքը թվում էր տանջահար ու թորշնած: Այնպիսի տպավորություն էր, որ կարծես ինչ-որ մեկը անփութորեն մոռացել էր ոչ մեկին պետք չեկող իրի՝ Ակվինսկու վրա նավթալին ցանել և ամռանը տեղավորել սնդուկի մեջ: Ցեցն էլ կերել էր Ակվինսկուն:
Նա գրեց. «Թանկագին մորաքույր, համարձակվում եմ ձեզ տեղեկացնել, որ ես գտնվում եմ կատարյալ տարակուսանքի մեջ… Ինչի՞ համար: Ես ձեզ եմ հարցնում: Թեև, ահա հաղորդում եմ, թե ինչպես է եղել ամեն բան… Երեկ մաքսատան զննիչ Սիչևոյը մոտենալով սեղանիս ասաց, որ ինձ իր մոտ է կանչում մաքսատան անդամ Տարասովը՝ այն նույն պարոնը, որին ես անցյալ տարի սրտաբուխ կերպով հարյուր հատ խեցգետին տարա: Ես գնացի՝ ոչինչ չմտածելով, և, պատկերացրեք, նա ինձ այնքան սարսափելի ու տարօրինակ բաներ ասաց, որ ես ոչինչ չհասկացա: Սկզբում ասում է. «Դուք,- ասում է,- Ակվինսկի, կարծես թե Ռիվերա եք պատրաստվում գնալ»: «Ոչ մի կերպ»,- պատասխանում եմ: Իսկ նա այնպես է բղավում. «Ահա թե ինչպես: Մի խափեք: Դուք, ասում է, խախտել եք բնության և ամուսնության ամենասուրբ օրենքները: Դուք կարգն եք խարխլում: Դուք ներխուժել եք բնական օջախ ու ջրապտույտ եք ստեղծել, որում, զգուշացնում եմ, հենց ինքներդ էլ կխեղդվեք»: Այս ուսյալ մարդիկ սարսափելի մշուշոտ են խոսում… Հետո էլ ձեր մասին, մորաքույր… «Դուք,-ասում է,- որոշել եք թալանել ձեր մորաքրոջը, ձեր ծեր մորաքրոջը, իսկ դա ամոթալի է, անբարոյական է»: Որտեղի՞ց նա կարող էր իմանալ, որ ես արդեն երկու ամիս չեմ ուղարկում ձեզ այն սովորական տասը ռուբլին կեցության համար: Ինչպես ես արդեն ձեզ բացատրեցի, դա կատարվեց այն պատճառով, որ ես ամառանոցի համար գլխանց վճարեցի ամբողջ ամառվա փողը: Վաղը ես կաշխատեմ ձեզ ուղարկել միանգամից երկու ամսվա համար: Բայց, ամեն դեպքում, չեմ հասկանում: Վիրավորական է: Ահա ինձ հիմա հեռացրել են աշխատանքից… Բայց ինչի՞ համար: Ինչ որ կարգ, ջրապտույտ… Իսկ ընտանեկան կյանքի հաշվով նա ինչ որ ասում էր, դա ընդհանրապես անհասկանալի է: Ինչպես ձեզ հայտնի է, մորաքույր, ես ամուսնացած չեմ…»:

 

Հեղինակ՝ Արկադի Ավերչենկո

Աղբյուրը՝ Հովիկ Չարխչյանի բլոգ

Արկադի Ավերչենկոն ծնվել է 1881 թվականի մարտի 27-ին, Սևաստոպոլում: 1906 թ. դարձել է Խարկով քաղաքի «Շտիկ» թերթրի խմբագիր:1907 թ. տեղափոխվել է Պետերբուրգ և դարձել երգիծական «Ճպուռ» թերթի խմբագիր:1910 թ. լույս են տեսել Ավերչենկոյին հայտնի դարցած երեք գրքերը :

1912 թ. «Շրջան ջրի մեջ» և «Պատմություններ առողջացողների համար» գրքերը հաստատեցին հեղինակի «ծիծաղի արքա» անվանումը:

1922 թվականից գրողը ապրում էր Պրահայում,որտեղ էլ մահացավ՝1925-ին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին