▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարությունը նույնպես արվեստ է․․․Արմինե Անտիկյան

Արվեստաբան, «Antikian Gallery» հիմնադիր տնօրեն Արմինե Անտիկյանը, ներկայացնելով Նկարիչների միության ցուցասրահում ՝ «ԲարիԱրտ» նախաձեռնության առաջին բարեգործական ցուցահանդես-վաճառքում  ներկայացված բարձրարժեք գործերը, հիշեցրել է, որ արվեստում արված ներդրումը ժամանակի մեջ ամենաշահավետն է, սակայն այս դեպքում այն նաև մնայուն հետք է թողնում մարդկային ճակատագրերում.

«Համալրեք ձեր կոլեկցիան, գեղեցկացրեք ձեր ամենօրյա միջավայրը լավ արվեստով, նաև օգնեք խոցելի այդ խավին ուրախություն պարգևելով։ Բարությունը նույնպես արվեստ է։ Ձեր յուրաքանչյուր ձեռքբերում կդառնա հույսի և լույսի խորհրդանիշ»,-ասել է Արմինե Անտիկյանը։

Նշենք, որ  բարեգործական ցուցահանդես-վաճառքը մեկ հարկի տակ է հավաքել Հայաստանի, Վրաստանի և Եվրոպայի 50 հանրահայտ արվեստագետների, ինչպես նաև դասականների շուրջ 100 ինքնատիպ ստեղծագործություններ։

Այս նախաձեռնության հեղինակը Yerevan Generation Rotary ակումբն է, որն իրականացնում է «Antikian Gallery» հետ համատեղ։ Ցուցահանդեսի նպատակը բարեգործական է։ Վաճառքից գոյացած ամբողջ հասույթն ուղղվելու է Կոշ գյուղում հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար ներառական խաղահրապարակի կառուցմանը։ Սա կլինի առաջին նմանօրինակ հարթակը մեր երկրում, որը հնարավորություն կտա ֆիզիկական խնդիրներ ունեցող փոքրիկներին զգալ իրենց հասարակության լիարժեք անդամ։

Ցուցահանդեսից գնված յուրաքանչյուր կտավ երկակի արժեք ունի. այն զարդարում է գնորդի միջավայրը բացառիկ արվեստով և միաժամանակ դառնում իրական ներդրում կարևոր սոցիալական նախագծում։ Իսահակյանական «Որ չգա ոգու սով» խորագիրը կրող այս ցուցահանդես–վաճառքը կշարունակվի մինչև մարտի 5-ը։

Դուք նույնպես կարող եք դառնալ այս բարի պատմության մի մասնիկը՝ այցելելով Նկարիչների միություն և ընտրելով Ձեզ դուր եկած բարձրարժեք ստեղծագործությունը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին