ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Վալերիյ Օսիպյանին.
«Իրականում հեշտ է վերահսկել հրավառությունը:

Հիշեցնեմ, որ վերջին օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ հրավառության նյութեր վաճառողներին արգելվում է ֆիզիկական անձանց վաճառել հրավառության պարագաներ, իսկ խնջույքներ կազմակերպող իրավաբանական անձինք հրավառություն անելու նյութերը կարող են գնել միայն համայնքի կողմից տրված տարեկան թույլտվության հիման վրա և հրավառություն իրականացնել միայն իրենց մասնավոր տարածքում՝ օրվա հստակ սահմանված ժամին:

Խախտումների համար սահմանված են տուգանքներ, իսկ վերահսկումն իրականացնում է համայնքը և ոստիկանությունը:

ՀՀ ոստիկանություն, սկսեք վերահսկել վաճառակետերը և զգուշացրեք վաճառողներին, որ վաճառեն միայն իրավաբանական անձանց՝ համայնքի թույլտվության հիման վրա: Թե չէ օդ կրակողին չեք գտնի»:
Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանին զայրացրեց հրավառության հետ կապված քննարկումը. «Ժողովուրդ ջան, ի՞նչ է նշանակում այս քննարկումը: Չպե՛տք է լինի հրավառություն եւ վե՛րջ: Եթե ոստիկանությունը չի կարողանում ապահովել օրենքի կատարումը, ուրեմն վատ է աշխատում: Մի հատ օրենք ընդունեք, որ հրավառությունները կարգավորող օրենքը վատ է աշխատում»:

Կարդացեք նաև` Առողջապահության նախարարը Օսիպյանին վատ վիճակի մեջ դրեց, Նիկոլ Փաշինյանը զայրացավ


