Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել համալիրում ընթացող «Պետական մարմինների ներկայացուցիչների համաժողով»-ին: ՔՊ-ական Հռիփսիմե Հունանյանը կարճ հատված է տարածել Փաշինյանի ելույթից, որտեղ նա խոսում է սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունների մասին, ապա նշում․ «Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ»։
***
«Լուրեր»-ը գրում է․Քաղծառայողներն այսօր Փաշինյանի հրահանգով մեկ մարդու նման հավաքվել էին համալիրում, թե որն էր հավաքի օրակարգը՝ անգամ իրենք չգիտեին: «Ենթադրում ենք՝ լավ կլինի, կարծում ենք հետաքրքիր քննարկում կլինի, հուսանք՝ կարևոր քննարկումներ կլինեն»,- այսպես էին արձագանքում հարցերին արագ-արագ համալիր շտապող քաղծառայողները՝ գաղափար չունենալով՝ ինչ նպատակով է Փաշինյանը հավաք կազմակերպել։
Նիկոլ Փաշինյանը, կարծես, նախընտրական հանրահավաքների շարք է սկսել, որոնք իրականացնում է հանգստյան օրերին: Կեղծ պատարագների շքերթին զուգահեռ հիմա էլ որոշել է «իրար գլուխ» հավաքել պետական կառույցների աշխատակիցներին:
Նկատեցինք, որ անգամ դպրոցահասակ երեխաներին են Փաշինյանի հրահանգով «բերման ենթարկել» համալիր՝ մասնակցելու իր այսպես կոչված հավաքին, որը կրում էր «Պետական մարմինների ներկայացուցիչների համաժողով» անունը:
Ի դեպ, ՀՀ օրենքը խիստ սահմանափակում է անչափահասների մասնակցությունը քաղաքական միջոցառումներին։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը, նախարարներ, մարզպետներ, քաղաքապետները ևս մարզահամերգային համալիրում էին։


