Մեր հավաքականի երկրպագուներին միավորող ՖԱՖ ակումբի ու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի միջև, ըստ ամենայնի, հասունանում է հրապարակային հակադրություն՝ պայմանավաորված ազգային հավաքականի անփառունակ ելույթներով:
Համենայն դեպս, ֆաները սպառնում են նոյեմբերի 16-ին երթ անցկացնել, եթե հավաքականը չունենա բարձրակարգ մարզիչ, տեղի չունենան տարբեր կոնֆլիկտների պատճառով ֆուտբոլիստներին չհրավիրելու հարցի վերանայում ու ազգային հավաքականի խաղերի տոմսերի գների իջեցում:
Եթե ամփոփ ձևակերպենք երկրպագուների ասածը, ստացվում է, որ Հայրապետյանի սուբյեկտիվ գործոնով է պայմավորված հավաքականի թույլ խաղը: Նեմեցն երբեք չի թաքցրել, որ երբեմն ուղղակի միջամտում է հավաքականի գործերին՝ հայտնելով նաև սուբյեկտիվ կարծիք: Բայց՝ հանուն արդարության, նա նաև հրապարակավ նշել է, թե ինչու է գոհ կամ դժգոհ այս կամ այն մարզչի աշխատանքից կամ թե ինչու՝ հավաքական չի հրավիրվում այս կամ այն ֆուտբոլիստը:
Նման միջամտությունն այքան էլ ճիշտ չեմ համարում՝ զուտ մարզական տեսանկյունից, սակայն հեռու եմ այն մտքից, թե ամեն բան պայմանավորված է բացառապես Հայրապետյանի գործոնով:
Օրինակ, մի հարցադրում անեմ, որը վերաբերում է մեր առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Նա փայլուն մրցաշրջան է անցկացնում իր ակումբում, դառնում է ֆանտաստիկ գողերի հեղինակ ու անճանաչելի է դառնում հավաքականում՝ իր անդեմ խաղով: Արդյո՞ք սա պայմանավորված է Ռուբոյի գործոնով, թե՞ Հենոն առաջնահերթություն է համարում ակումբային խաղը, որովհետև այնտեղ վաստակում է: Կամ՝ ովքեր են այն «աստղերը», որ պետք է հրավիրվեն ու փրկեն մեր հավաքականին, սակայն չեն հրավիրվում: Ես, անկեղծ ասած, նման «աստղերի» չգիտեմ:
Ֆաների հարցադրումներն, անշուշտ, լուրջ հրապարակային քննարկման առարկա պետք է դառնան ու այդ քննարկումներին պետք է մասնակցի նաև ՀՖՖ նախագահը, սակայն անձնավորված մոտեցումերը պետք է հաղթահարվեն:
Հայրապետյանին չեմ պաշտպանում, բայց ֆուտբոլը չի կարելի առանձնացնել մեր հանրային կյանքից ու ենթադրել, որ այն կարող է օազիսի վերածվել՝ համատարած գորշության միջավայրում: Ռուբոն հայկական օլիգարխիայի ներկայացուցիչ է, ով, այնուամենայնիվ նկատեմ, սիրում է ֆուտբոլը ու հավաքականի լավ խաղը համարում է իր թասիբի հարցը: Նրան մեկ այլ անձով փոխարինելն իմաստ կունենա, եթե լինեն երաշխիքներ, հստակ երաշխիքներ, որ նոր եկողը ֆուտբոլի զարգացման հայեցակարգ ունի, ռազմավարական տեսլական, այնպիսի տեսլական, որը հնարավոր կդարձնի ֆուտբոլի զարգացումը օլիգարխիկ համակարգի տրամաբանությունից դուրս, դրան հակառակ: Հակառակ պարագայում՝ հետո փառք ենք տալու Հայրապետյանին, որովհետև եթե նրան փոխարինի այսօրվա համակարգի ավելի անատամ ներկայացուցիչ, գուցե կանգնենք ավելի լուրջ խնդիրների, այդ թվում՝ ազգային առաջնությունը չանցկացնելու վտանգի առջև:
Դրա համար եմ ասում՝ եկեք զերծ մնանք անձնավորված մոտեցումներից, հրաժարականներ պահանջելուց ու ՀՖՖ-ին կոնկրետ մեխանիզմներ առաջարկենք, ասենք՝ այնպիսինները, որոնք կմեծացնեն երկրպագուներիս վերահսկողությունը հավաքականի հանդեպ, կնպաստեն, որպեսզի ազգային առաջնությունը չվերածվի ոչ ֆուտբոլային հաշվեհարդարների ու ինտրիգների հարթակի: Այսպիսի քննարկումների պատրաստ եմ մասնակցել՝ կոնկրետ առաջարկներով:
Խնդիրը միայն Հայրապետյանի անձը չէ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more