▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրացական պատն ու ԵՏՄ-ն փակել են մեր ճանապարհը

2016 թվականը շատ ծանր է եղել  հայ գինեգործների համար.ձեռք ձեռքի են տվել անբարենպաստ եղանակը, շուկայում դանդաղ զարգացումն ու ներքին ճգնաժամը:

«2015 թվականին պետությունը փոքր ու միջին ձեռնարկատերերին ստիպեց խաղող գնել և մինչ օրս նրանք սթրեսից դուրս չեն գալիս ու չեն կարողանում մարսել պետական պարտադրանքը: Ընկել են վաճառքի ծավալները, ռուսական շուկայում անիմաստ է: Արդյունքում մնում է արտադրողների մի փոքրիկ խումբ, որոնց ներդրումները կատարվում են սփյուռքահայերի կամ հարուստ բիզնեսմենների կողմից ու կարողանում են դիմանալ ճգնաժամին՝ աճ ցույց տալով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Նրա փոխանցմամբ՝ ամբողջ աշխարհը Հայաստանին ընկալում է որպես Խորհրդային Միության տարածք.

«Գալիս է հաջորդ հարցը՝ ո՞ր մասում է, Կովկաս ու այստեղ ամեն ինչ վերջանում է, քանի որ նայում են, թե այստեղ ո՞ր երկիրն է ակտիվ:  Արդյունաբերական իմաստով գերակա դեր ունի Ադրբեջանը: Գալիս են դեպի գյուղատնտեսություն, գինեգործություն: Այստեղ Հայաստանն ու Վրաստանն են և ով որ ակտիվ արտահանման քաղաքականություն է վարում, նրան լուրջ են ընդունում: Շահեկան դերում Վրաստանն է: Նա մեզանից 10 անգամ ակտիվ քաղաքականություն է վարում: Մենք ծախսում են 10.000, իրենք 100.000 դոլար: Իրականում մարքեթինգի առումով Վրաստանը տարեկան ծախսում է 1-3 միլիոն դոլար, իսկ մենք՝ 50.000 դոլար»,-նշեց Հայաստանի գինեգործների միության նախագահը՝ հավելելով.

«Գինին, որը շուկա է մտնում, պետք է հաղթահարի  քաղաքական, տնտեսական, մարքեթինգային խոչընդոտները: Քաղաքականն այն է, ինչ արեց Սաակաշվիլին: Նա 2006 թվականից սկսած՝ պարտադրեց բոլոր դեսպանատներին, առևտրային կազմակերպություններին, հայտնի մարդկանց լինել գինու դեսպանը: Վերցնել շիշն ու գնան ցուցահանդես կամ այլ միջոցառման: Ու սա տվեց իր արդյունքը: Արդյունքում, Չինաստանի հետ ազատ առևտրային համաձայնագիր: Եվ մենք, որ մեր ուժով գնում ենք, հանդիպում ենք վրացական  պատին: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա այն հզոր շուկա ունի և նրա հետ աշխատելով կլուծենք բոլոր խնդիրները, բայց, ցավոք, պետական մակարդակով ոչինչ չենք կարող անել: Հայաստանը որպես առանձին սուբյեկտ իրավունք չունի կնքել որևէ պայմանագիր այս երկրի հետ, քանի որ ԵՏՄ անդամ է: Ասել է, թե ԵՏՄ-ի պատճառով փակ է մեզ համար այս ճանապարհը»

Ավագ Հարությունյանի փոխանցմամբ՝ հիմա վրացական կոնյակը ռուսական շուկայում սկսել է նույնիսկ հայկական կոնյակին ճնշել.

«Շատ արագ զարգանում են: Հայ մասնագետներ ունենք, ովքեր աշխատում են վրացական շուկայում և գինի, կոնյակ են արտադրում, քանի որ բարձր է աշխատավարձը, պետությունը նրանց թիկնունքին է կանգնած»,-նկատեց  Հայաստանի գինեգործների միության նախագահը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more