▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիրավոր զինվորը սկսել է խոսել, սնվել և արդեն ցանկանում է վերադառնալ ծառայության

Panorama.am-ը գրում է. Հոկտեմբերի 7-ին Արցախում ծանր վիրավորված Հայկ Համբարձումյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Ինչպես մեր թղթակցի հետ զրույցում ասաց Հայկի մորեղբայրը՝ Ռաֆիկ Զարոյանը,  բժիշկների գնահատմամբ, զինծառայողի վիճակն այս պահին կայուն ծանր է:

«Հայկը գտնվում է բժիշկների հոգատար հսկողության տակ: Դեռ պառկած է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:  Հայկը սկսել է խոսել, սնվել»,- նշեց Ռաֆիկ Զարոյանը՝ հավելելով, որ ամեն օր հարազատներին թույլ են տալիս 20 րոպեի չափով տեսակցել նրա հետ:

Նշենք, որ վնասվել է զինծառայողի թոքը, լյարդը: Ըստ բժիշկների՝  կան լյարդի հետ  կապված բարդություններ և բուժման համար երկար  ժամանակ է  հարկավոր, ուստի հնարավոր է, որ Հայկին երկրորդ անգամ վիրահատեն: «Բժիշկների գնահատմամբ՝ չի բացառվում, որ լյարդի խնդիրների հետ կապված երկրորդ անգամ վիրահատեն, բայց առայժմ դրա կարիքը չկա: Հայկը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն բժիշկները հավաստիացնում են, որ նա նորմալ բուժում կստանա»,- ասաց Ռաֆիկ Զարոյանը:

Հայկ Համբարձումյանը ապրիլյան  պատերազմի ժամանակ եղել է առաջին գծում, 3 ամսից էլ պետք է ավարտեր ծառայությունը: «Երբ Հայկը բացել է աչքերը, առաջին խոսքը եղել է այն, թե իրեն բան չի եղել, ցանկանում  է շուտ բուժվել ու վերադառնալ ծառայության»,- նշեց զինծառայողի մորեղբայրը:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more