Օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել էր կրթական համակարգում ծանոթ-բարեկամներով նշանակումների մասին՝ շեշտելով փոփոխության անհրաժեշտությունը և հանձնարարական տալով Կրթության և գիտության նախարարին:
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով կրթության ոլորտում վարչապետի հանձնարարականին ասել է, որ Հայաստանում կադրային քաղաքականության մեջ անհնար է խուսափել ծանոթ-բարեկամ ֆորմատով նշանակումներից:
«Վարչապետ Կարեն Կարապետյանի ուղերձը պետք է լիներ հետևյալը՝ անկախ նրանից, թե դուք ձեր կոլեկտիվում ովքեր են աշխատում, ու սկսեր իրենից, օրինակ իմ փեսան փոխնախարար է աշխատում, ուստի խստորեն հայտարարում եմ՝ ոչ մի արտոնյալ վիճակ չպետք է ունենան այդ մարդիկ: Շահերի բախումը պետք է բացառվի եւ երբեք ձեր ծանոթներին գործի ընդունելու հաշվին գործը չպետք է տուժի ու վայ նրան, եթե հրապարակվեց լուր, որ որեւէ մեկը բարեկամ կամ ծանոթ լինելով արտոնյալ վիճակ ունի այդ կազմակերպությունում: Ես դա կհասկանայի եւ կողջունեի: Վարչապետը մտահոգություն ունի, բայց ուղերձը սխալ ուղղությամբ գնաց, քանի որ ցանկացած տնօրեն կարող է ասել՝ ինչու ձեզ կարելի է բարեկամների պաշտոնի նշանակել, ինձ՝ ոչ»:
Անահիտ Բախշյանի համոզմամբ՝ դպրոցներում շատ խնդիրներ լուծում կստանան, եթե դպրոցները գտնվեն Կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո:
Կարդացեք նաև՝ Հնարավո՞ր է՝ մայր ու աղջիկ նույն դպրոցում աշխատեն. Կարեն Կարապետյանը` ԿԳ նախարարին