Հայաստանցիները նախընտրում են, որպես կանոն, ամառային հանգիստն անցկացնել հիմնականում Վրաստանում, Հունաստանում, Եգիպտոսում, նաև՝ Թուրքիայում: Պատճառները տարբեր են, (այդ թվում նաև փաստը), որ վերոնշյալ վայրերում հանգստի կազմակերպումն ավելի մատչելի է, քան Հայաստանում, կարևոր բաղադրիչ է նաև սպասարկման որակը: Վերջին տասնամյակի ընթացքում Թուրքիայի ծովափնյա հանգստավայրերը դարձել են տարածաշրջանային տուրիստական խոշոր կենտրոններ, զբոսաշրջիկների սիրելի վայրերը, որտեղ շատ ակտիվ է նաև հայերի հոսքը՝ չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայում իրենց հանգիստն անցկացնողները միշտ էլ քննադատությունների թիրախ են դառնում: Սակայն վերջին ժամանակներում շրջանառվող լուրերի համաձայն Թուրքիայում հայ հանգստացողների թիվը գնալով նվազում է: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց զբոսաշրջային մի քանի գործակալությունների հետ՝ ճշտելու համար պատկերը: Տուրիստական գործակալությունների տրամադրած տեղեկությունների համաձայն՝ 2015թ. կտրուկ նվազել է Թուրքիա մեկնող հայերի քանակը, ինչը պայմանավորված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով: «Գլոբուս Տուրս» գործակալության ներկայացուցչի հետ հեռախոսազրույցի ընթացքում պարզ դարձավ, որ այդ գործակալությունը երբեք չի իրականցրել տուրիստական փաթեթների վաճառք դեպի Թուրքիա:
Չենք կարող ասել, որ նույն քաղաքականությունն են վարում տուրիստական մյուս կազմակերպությունները: Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ՝ կապված Անթալիայում իրենց հանգիստը վայելող հայ զույգի պատմության հետ: Ամուսինները հայտարարել էին, որ ադրբեջանցիները ահաբեկել ու ծաղրել են իրենց, իսկ հյուրանոցի ընդունարանի աշխատակիցներից մեկն անընդհատ վիրավորական արտահայտություններ է արել իրենց հասցեին: Կապ հաստատեցինք «Dolce Travel» տուրիստական գործակալության հետ, որն էլ կազմակերպել էր բողոքող ամուսինների հանգիստը: Գործակալության ներկայացուցիչը հեռախոսազրույցի ընթացքում պարզաբանեց, որ զույգը Հայաստան է վերադարձել սեփական որոշմամբ, որ այլ բողոքներ Թուրքիայում հայ հանգստացողների կողմից չեն գրանցվել, որ դրանից հետո էլ կան Թուրքիա մեկնել ցանկացողներ, այսինքն՝ վերոնշյալ պատմության պատճառով իրենց գործակալություն դիմողների քանակը չի նվազել:
Հարկ է նշել նաև, որ որոշ գործակալություններ խուսափում էին զանգերին պատասխանելուց կամ շատ անորոշ պատասխաններ էին տալիս, ինչը վկայում է այն մասին, որ վերոնշյալ թեման խնդրահարույց է ու ցավոտ:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան