▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշում զինկոմին սպանել են բարձր երաժշտության և արագ «քշելու» համար արված նկատողության պատճառով

1in.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արթուր Մկրտումյանի գործի դատական քննությունը:

Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ:

42-ամյա Արթուր Մկրտումյանի խնամքին 3 անչափահաս երեխաներ կան: Նա մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

50-ամյա տուժողը և ամբաստանյալը համագյուղացիներ էին՝ սահմանամերձ Մովսես գյուղից:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 22-ի սահմաններում Մովսեսի գյուղապետարանից մոտ 100 մետր հեռավորության վրա, իրեն հայհոյելու և ծեծելու հանգամանքներից վիրավորված՝ Արթուր Մկրտումյանը որսորդական հրացանով կրակել է համագյուղացի Դերենիկ Պապյանի պարանոցի առաջնային մակերեսի ուղղությամբ: Տուժողը ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Հիշեցնենք, որ սպանված Դերենիկ Պապյանը ՀՀ ՊՆ Տավուշի մարզի Շամշադինի զինկոմն էր:

Դատարանը հաստատված է գնահատել, որ դեպքի օրը համագյուղացի Համլետ Ա.-ի ծնողների գերեզմանի վրա աշխատանքներ կատարելուց հետո ամբաստանյալ Արթուր Մկրտումյանը գնացել է Համլետի տուն, հաց է կերել, խմել է ու դուրս է եկել:

Գյուղական մի քանի խանութներից նա ցանկացել է խմիչք գնել, բայց տեսնելով, որ նա խմած է, նրան խմիչք չեն վաճառել:

Այնուհետև երաժշտությունը մեքենայում բարձր միացրած՝ Արթուրը շրջել է գյուղում: Համագյուղացիները, այդ թվում՝ տուժող Դերենիկը, նրան նկատողություն են արել: Փորձել են անջատել երաժշտության ձայնը, փորձել են նրան տուն տանել, բայց Արթուրը չի ենթարկվել, արված նկատողություններից էլ վիրավորվել է: Նա գնացել է տուն, վերադարձել է ու գյուղամիջյան ճանապարհին Դերենիկին սպանելու դիտավորությամբ որսորդական հրացանով կրակել է նրա ուղղությամբ և սպանել է:

Ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե մեղադրանքի հիմքում դրված ցուցմունքներն իրեն զրպարտող ցուցմունքներ են: Դեպքի օրն ինքը եղել է անսթափ, վատ վիճակում, «գլխի հետ ինչ-որ բան է կատարվել», արդյունքում ինքը ոչինչ չի հիշում:

Ըստ ամբաստանյալի՝ վկաները ցուցմունք են տվել, իբր իրենց տան մոտ տեսել են իր մեքենան ու իրեն՝ մատը վեր բարձրացրած, օրորվելով կանգնած: Դա, ըստ ամբաստանյալի, անհնար է, քանի որ «տեղանքն այնպիսին է, որ հնարավոր չէր իրեն տեսնել»:

Ինքն ուշքի է եկել ոստիկանության մեքենայում, մտածել է՝ ինչո՞ւ են իրեն ձերբակալել: Հաջորդ օրվա կեսին է իմացել պատահածի մասին:

Իր հիշելով՝ ինքն ու տուժողն իրար հետ չեն կռվել, իրար չեն հայհոյել: Հնարավոր չէր կողքից տեսնել, որ ինքը մեքենայի մեջ հարբած նստած էր: Եթե ինքն է կրակել, ինչո՞ւ իր ձեռքերին վառոդ չկա, ինչո՞ւ իր մատնահետքերը զենքի վրա չեն մնացել:

Երեք օր ինքը գերեզմանոցում գործ է արել՝ վարկը մարելու համար: Հետո հաց են կերել Համլետի տանը: Ինքը նստել է իր մեքենան ու գյուղի ճանապարհով իջել է: Դրանից հետո ոչինչ չի հիշում, բայց հավատում է, որ ինքը չի սպանել Դերենիկին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more