▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալիշցիների վերադարձով պայմանավորված՝ Ալաշանը շուտով մանկապարտեզի կարիք կունենա. համայնքի ղեկավար

Չնայած անվտանգության խնդրից ելնելով Թալիշի բնակչությունը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո գյուղում չի ապրում, բայց ժամանակ առ ժամանակ նրանք այցելում են Թալիշ և, որքան հնարավոր է, տիրություն են անում իրենց տներին և հավաքում են այգիների բերքն ու բարիքը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թալիշի համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը, ով շարունակում է պաշտոնավարել՝ այժմ արդեն Ալաշան համայնքում:

Համայնքի ղեկավարի խոսքով, բնակիչների մոտ պատերազմական օրերին ստացած շոկային վիճակն, ընդհանուր առմամբ, անցել է, և Թալիշ այցելող գյուղացիների թիվը ոչ միայն շատացել է, այլև ակտիվ բնույթ է կրում: «Ընդհանուր առմամբ, այսօր Արցախ են վերադարձել մինչև ապրիլմեկյան իրադարձությունները Թալիշում բնակվողների կեսից ավելին, այն դեպքում, երբ քառօրյա պատերազմին հաջորդող ամիսներին թալիշցիների անգամ քսան տոկոսը երկրում չէր: Ճիշտ է նրանք հիմնականում տեղափոխվել էին ՀՀ տարբեր համայնքներ, սակայն ուրախ ենք, որ վերջին շաբաթների ընթացքում սկսվել է նրանց ակտիվ վերադարձը»,- ասել է համայնքի ղեկավարը և ավելացրել, որ ՀՀ-ում հաստատված համագյուղացիների հետ գտնվում է ակտիվ կապի մեջ և գրեթե բոլորի մոտ մեծ ցանկություն կա հետ վերադառնալու:

Խոսելով նոր հանայնքում՝ Ալաշանում, համագյուղացիների կենցաղային պայմանների մասին՝ Վ. Պետրոսյանը նշեց, որ բնակիչները արդեն այնքան են հարմարվել, որ անգամ կատակով Ալաշանի փոխարեն Թալիշան են կոչում նոր բնակավայրը: «Հասկանում ենք, որ միանգամից հնարավոր չէ բոլոր համայնքային պայմանները ստեղծել, սակայն, այն, որ կառավարության անմիջական ուշադրությունը զգում ենք ամեն օր, միանշանակ է: Շուտով 20 պատրաստի առաձնատներ կստանանք, ինչը ևս 20 ընտանիք ընդունելու հնարավորություն կտա: Այն շեշտակի կերպով կմեծացնի նաև դպրոցի աշակերտների թիվը»,- ասաց Վ. Պետրոսյանը և հավելեց, որ բնակչության վերադարձի հետ միասին Ալաշանում շուտով մանկապարտեզ բացելու անհրաժեշտություն կառաջանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more