2016 թվականին կրթության ոլորտում մեկնարկած ծրագրերի արդյունքը կերևա առաջիկայում,-շեշտը դնելով հատկապես 12-րդ, 4-րդ և 9-րդ դասարանների աշակերտների կողմից հանձնվող քննություններին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավոր Ռուզան Մուրադյանը:
«12-րդ դասարանի երկրորդ կիսամյակից հետո երեխայի ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է ԲՈՒՀ ընդունվելու վրա: Հիմա սա ճիշտ է, թե ոչ՝ վիճելի է: Հարցը բարձրացրել եմ, գաղափարներն ու մոտեցումները պետք է համադրվեն: Պետք է այնպես անել, որ այլ կարևոր արժեքներ չկորչեն: Ինչ վերաբերում է 4-րդ և 9-րդ դասարաններում բանավոր քննությունների վերականգնմանը՝ ասեմ, որ սա կարևոր քայլ է: Բանավոր քննությունը բանավոր խոսքը գնահատելու լավագույն ձևն է: Պետք է հաշվի առնել նաև աշակերտի ճիշտ խոսքը: Մնում է օբյեկտիվ գնահատման ճիշտ չափանիշներ կարողանանք դնել: Կարևոր են նաև փոխադրություններն ու շարադրությունները»,-նշեց պատգամավորը:
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն էլ անդրադարձավ ներառական կրթությանը՝ նկատելով.
«Համաձայն կառավարության որոշման՝ 2015 թվականի փետրվարի 17-ի որոշման, Սյունիքի մարզում համընդհանուր ներառական կրթություն սկսելու համար մանկավարժահոգեբանական ծառայության կենտրոնները պետք է ձևավորված լինեին ամենաուշը 2016 թվականի մայիսին, բայց ձևավորվեցին նոյեմբերին: Այսինքն, հետ ենք Կառավարության ժամանակացույցից: Սյունիքի մարզում այսօր շվարած սպասում են, չգիտեն, թե ինչ են անելու»:
Անի Կարապետյան