▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սփյուռքը չի ուզում դոնոր լինել կոռուպցիայի ու թալանի. «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահություն չկա

1in.am-ը գրում է. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նախաթելեթոնյան ուղերձ է հղել։ Չնայած տարատեսակ քննադատություններին, Վարդանյանը վստահեցնում է՝ հիմնադրամի նկատմամբ վստահություն եղել է և կա։ Այս տարվա հեռուստամարաթոնը անցկացվելու է նոյեմբերի 24-ին։ Նշենք, որ տարեցտարի հիմնադրամին փոխանցվող գումարը նվազում է՝ շատերի կարծիքով հենց անվստահության պատճառով։

«Հայկական Վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող Շանթ Ոսկերչյանը կոչ է անում հիմնադրամին գումար փոխանցելու փոխարեն ընտրել այլ տարբերակ արցախահայությանն օգնելու համար։

Հիշեցնենք, որ այս տարվա հեռուստամարաթոնի ողջ հասույթը նախատեսվում է փոխանցել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում տուժած բնակավայրերի վերականգնմանը, բազմազավակ արցախցի ընտանիքներին բնակարաններ հատկացնելուն։ Մարաթոնն այս տարի ունի «Իմ Արցախ» կարգախոսը։

«Քանի դեռ հիմնադրամը ղեկավարվում է ռեժիմի կողմից՝ ի դեմս Սերժ Սարգսյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր ղեկավարում են հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, կոչ եմ անում բոյկոտել դրամահավաքը։ Ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ Բակո Սահակյանը, կաթողիկոսները վստահելի մարդիկ չեն և պետք չէ այդ ճանապարհով օգնել արցախցիներին։ Այդ փողը տեղ չի հասնում»,-  զրույցում ասաց Ոսկերչյանը։

Փոխարենը մեր զրուցակիցը նշում է, որ հանգանակություններ պետք է կատարել վստահելի, ռեժիմի հետ ոչ մի կապ չունեցող հիմնադրամների և կազմակերպությունների միջոցով, իսկ լավագույն դեպքում՝ օգնությունը ուղղակի ձևով տրամադրելով հասցեատերերին, եթե դրա հնարավորությունը կա. «Նույնիսկ մեր միջոցով եկող-գնացող շատ մարդ կա, կարող ենք փոխանցել այդ գումարները, կարող են անձամբ փոխանցել, կամ այլ հիմնադրամներ ընտրել, միայն ոչ այնպիսի հիմնադրամ, որը կապ ունի Սերժ Սարգսյանի և իր ռեժիմի հետ»։

Նրա կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների նկատմամբ անվստահությունն է պատճառը, որ տարեցտարի նվազում է հիմնադրամին փոխանցվող գումարի քանակը։

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more