▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիացի ընդդիմադիրները թիրախավորել են Հալեպն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը

Վերջին մի քանի օրերի ընթացքում Հալեպում ռազմական իրավիճակի սրման փորձերը, որոնց հետևում կանգնած են հիմնականում հակակառավարական խմբավորումները, բովանդակային և կատարողական տեսանկյունից պարունակում են նաև գրագետ կերպով մշակված մարտավարական քայլեր:

Մասնավորապես, դրանց շարքում կարելի է առանձնացնել անակնկալ հարված հակառակորդի թիկունքից, մահապարտ-ահաբեկիչների մասնակցությամբ զանգվածային գրոհներ, նոր ձեռքբերված սպառազինությունների, հատկապես՝ հրթիռային համակարգերի ակտիվ կիրառում և այլն: Նույն տրամաբանության շրջանակներում, ընդդիմադիր խմբավորումների հաջորդ մարտավարական քայլը Հալեպի՝ կառավարական ուժերի կողմից վերահսկվող գոտիները երկրի այլ շրջանների հետ կապի, ցամաքային մատակարարումների միակ ուղու՝ Խանասերի ճանապարհի վրա վերահսկողություն հաստատելն է:

Վերոգրյալի համատեքստում, ընդդիմադիր առանցքային խմբավորումներից «Ահրար ալ-Շամ» կառույցն անցած 2 օրերի ընթացքում մի շարք հարձակումներ է նախաձեռնել Խանասեր բնակավայրի արևմտյան սահմանների ուղղությամբ՝ որոշակի վտանգ ստեղծելով ռազմավարական նշանակության ճանապարհի օգտագործման հարցում: Եվ, չնայած դիրքային որևէ փոփոխություն չի գրանցվել շրջանում, այնուամենայնիվ, «Ահրար ալ-Շամի» ղեկավար շրջանակները խոստացել են բոլոր հնարավոր միջոցներով խափանել Հալեպի արևմտյան շրջանների կապն արտաքին աշխարհի հետ: Ի դեպ, սիրիական հակամարտության անցյալ 5 ու կես տարիների ընթացքում ընդդիմադիր զինյալներին հաջողվել է մի քանի անգամ վերահսկողություն հաստատել շրջանի նկատմամբ, ինչը էականորեն վատթարացրել է մարդասիրական և կենցաղային վիճակը քաղաքում:

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ սիրիական կառավարական ուժերը ևս գիտակցում են իրավիճակի լրջությունն, ավելին՝ դիմում են հավելյալ քայլերի՝ Հալեպում սեփական դիրքերն ավելի ամրապնդելու և կորցրած շրջանները վերադարձնելու նպատակով: Դրա համար քաղաք են տեղափոխվել սիրիական բանակի «Վագր» և «Անապատի բազեներ» էլիտար ստորաբաժանուները, որոնց հիմնական գործելաոճը հակառակորդի հարձակողական բնույթի, նաև՝ թիկունքում հատուկ նշանակության գործողությունների իրականացումն է:

Վերոնշյալը հիմք ընդունելով՝ միանշանակորեն կարելի է փաստել, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացում Հալեպում ծավալվելու են բավական ակտիվ ռազմական գործողություններ, որոնք որոշակի հետաքրքրություն են ներկայացնելու նաև մարտավարական տեսանկյունից:

Արմեն Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more