Aravot.am-ը գրում է.
Ապրիլյան պատերազմում ողնաշարի ծանր վիրավորում ստացած Ռուբեն Առաքելյանը նախօրեին տուն է գնացել: Ինքնուրույն չի գնացել, նա տեղաշարժվելու խնդիր ունի, Ռուբենին տուն են տարել շտապօգնության մեքենայով՝ մահճակալով ու համապատասխան սարքավորումներն ամրացված մարմնին: Մայրը՝ տիկին Անահիտը, ասում է՝ որդին կարոտել էր տունը. «Շատ էր ուզում տուն գնալ, տարանք, մեր տան ծառերի տակ պառկեց, դեմքին ժպիտ եկավ, շատ ուրախ էր, հանգիստ էր իրեն զգում»:
Ռուբեն Առաքելյանը արդեն մոտ 2 ամիս է՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, նա պարանոցի հրազենային ծանր վիրավորում է ստացել: Կենտրոնի վերակենդանացման բաժնի ղեկավար Արմեն Մուրադյանն ասում է՝ Ռուբենին «Էրեբունի» են տեղափոխել ապրիլի 4-ին, նա ողնուղեղի վնասում ուներ, որի հետեւանքով տղայի վերջույթների զգացողության եւ շարժողության խանգարում կա:
Հիմա բժշիկների արհեստավարժ աշխատանքի շնորհիվ Ռուբենի մոտ առաջընթաց կա, փոքր, բայց առաջընթաց: Արմեն Մուրադյանն ասում է՝ Ռուբենի ձախ վերին վերջույթի, ավելի կոնկրետ՝ ձախ բազկի շրջանում մկանների շարժողական վերականգնողական տեղաշարժ կա, բայց մյուս վերջույթները անշարժ են: Ռուբենին իր ցանկությամբ վերակենդանացման բաժանմունքից երբեմն տանում են բուժկենտրոնի այգի: Մայրն ասում է՝ «Անվասայլակին նստեցնում են այնպես, որ շարժվելու հնարավորություն չլինի, չի կարելի, ողնաշարը պիտի ամուր ամրացված լինի: Այդպես մի երկու ժամ հարմարեցնում են, նստում է: Դրսում իրեն լավ է զգում, իսկ որ անընդհատ անկողնում է լինում՝ անտրամադիր է լինում, պարփակվում է իր մեջ, մտածմունքների մեջ ընկնում»: Ռուբենի եւ ծնողների այնքան սպասված ցանկությունը իրականություն է դառնում. նրա բուժումը արտերկրում շարունակելու համար գումարն ամբողջությամբ հավաքվել է:
Մոտ օրերս կմեկնեն Գերմանիա: «Ես հույսս չէի կտրում, որ գումարը կփոխանցեն, կհավաքվի, ներքին ձայնս ասում էր՝ ստացվելու է»,- ասում է տիկին Անահիտը: Ապրիլյան պատերազմում կրկին ծանր վիրավորում ստացած Արման Լազգիյանն արդեն մի քանի օր է՝ Գերմանիայում է, այս երկրի բուժհաստատություն տեղափոխելու ու բուժման ծախսերն էլ, ինչպես Ռուբենի դեպքում, ոչ թե պետական միջոցներով էին, այլ բարերարների, որոշ մասը՝ պետական պաշտոնյաների: Արմանի ծնողները վստահեցրել են, որ նրա մոտ դրական տեղաշարժ կա, արդեն սնվում է, խոսում: Ռուբենը երբ իմացել էր, որ Արմանին արդեն տեղափոխել են, ուրախացել էր՝ ասում է մայրը, բայց հույսը կտրել էր, որ ինքն էլ կտեղափոխվի. «Հենց ասացի, որ իր համար էլ ամբողջ գումարը կա, շատ-շատ ուրախացավ, դեմքի արտահայտությունն այդ պահին միանգամից փոխվեց, անհամբեր է, ուզում է գնալն արագացնենք, անընդհատ հարցնում է՝ երբ ենք գնալու»: Ռուբենը խոսում է, բայց նրա ձայնը չի լսվում, շնչափողի մեջ խողովակ է դրված, ձայն չի կարողանում արտաբերել, մայրը նրան հասկանում է շրթունքների շարժումներով:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում