Ապրիլի 22-ը Մայր Երկրի միջազգային օրն Է (International Mother Earth Day): Այն Բոլիվիայի նախաձեռնությամբ հռչակվել Է 2009 թվականի ապրիլի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում: Որպես բանաձեւի համահեղինակներ են հանդես եկել ՄԱԿ-ի ավելի քան 50 անդամ պետություններ: Երկիր մոլորակի օրը նշելու ավանդույթը ծնունդ է առել ԱՄՆ-ում բնապահպան ակտիվիստ Գեյլորդ Նելսոնի նախաձեռնությամբ: Տարբեր երկրներում այս օրը կազմակերպում են բազմազան միջոցառումներ եւ ակցիաներ, ներառյալ խորհրդաժողովներ, ցուցահանդեսներ, խոշոր քաղաքների բանուկ փողոցներում ավտոմոբիլային երթեւեկության փակում, տարածքի մաքրում եւ ծառատունկ:
«Մի՞թե ժամանակը չէ, որ մտածենք՝ արդյոք ճի՞շտ ենք վարվում կամ ապրում: Մարդկությունը բնության հետ հակամարտության մեջ է մտել, և այդ կոնֆլիկտն ողբերգական ավարտ կարող է ունենալ: Շրջակա միջավայրը կարող է այնպես փոխվել, որ մարդկությունն այլևս չի կարողանա ապրել այսպիսի բնական միջավայրում: Բնական աղետների ռիսկերը գնալով աճում են: Ասում են՝ մեզ մնացել է 10-20 տարի, և եթե չկարողանանք փոխել իրավիճակը, ապա մեծ ճգնաժամի մեջ կհայտնվենք: Պետք է որոշվի՝ մարդկությունը մնում է այս մոլորակի վրա, թե՞ դինոզավրերի նման վերանում ենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
«ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն էլ հավելեց. «Մենք լուրջ խնդիր ունենք ջրային տնտեսության հետ և ոչ մի բան չեն կարող անել այն մեղմացնելու համար: Արդեն անկառավարելի վիճակում են այն գետերը, որոնք անցնում են մեր հանքավայրերի տարածքներով: Խոսքը Ողջիի, Դեբեդի, Մասրիկի, Շնողի մասին է: Նույնիսկ ավազանները կարող ենք կորցնել:
Ունենք վտանգված գյուղատնտեսությունը: Արարատյան դաշտի հողն աղակալվում է: Շատ լուրջ է նաև անտառների խնդիրը»:
Անի Կարապետյան