ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ հերթական քառօրյա նիստում ելույթ ունեցավ` նախապես ասելով, որ նախագծին կողմ է քվեարկելու, որովհետև այն նպաստելու է բանակի մարտունակության բարձրացմանը, զինվորի` հոգեպես հանգստությանը: Նա նշեց, որ այս 1000 դրամները յուրօրինակ տուգանք են ՀՀ քաղաքացիների համար այն բանի համար, որ 25 տարիների ընթացքում չկարողացան ստեղծել էֆեկտիվ պետություն, որ չեն կարողացել ձևավորել այնպիսի բյուջե, որը հնարավորություն կտար լուծելու կարևոր խնդիրները:
Փաշինյանը նշեց, որ այսօր զինվոր պահելը ծնողի համար դարձել է ուսանող պահելուց ավելի ծանր խնդիր:
«Այնպես ենք անում, որ մեր զինվորների ու սպաների համար մեռնելն ավելի ձեռնտու լինի, քան ապրելը, բա ո՞ւր է պետության դերակատարությունը: Ասում եք՝ թուրքը կտեսնի, կուրախանա, բայց մեր խնդիրների մասին պետք է բաց խոսենք: Ապրիլյան պատերազմն անորակ սապոգ ու զենք էր, բայց 400 հազար դոլարանոց մեքենայից իջնում են ու լրագրողներին ասում՝ մեր պետության միջոցները սուղ են: Հիմա պատերազմ է, վաղը կլինի ուժեղ պատերազմ, ամեն ինչ պետք է արվի ճակատի համար: Բայց 1000 դրամով հարց չենք լուծում, այլ ժամանակ ենք ձգում»,- ասաց Փաշինյանը:
Պատգամավորը հավելեց, որ այսուհետ ՀՀ քաղաքացիները պետք է իմանան, թե բարձր պաշտոններ զբաղեցնողներն այս երկրում ինչ ունեն, ով ինչքան փող ունի բանկերում, ով ինչքան գույք ունի:
«ՀՀ քաղաքացիները պետք է իմանան, ով ինչ է տարել այս պետությունից, հերիք եղավ: Առանց վենդետաների ու կախաղանների, առանց վրեժխնդրության` ժողովուրդը պետք է որոշի նրանց պատասխանատվության հարցը: Պետք չէ որևէ մեկին բոմժ սարքել, բայց չպետք է թույլ տալ, որ մեր պետությունը բոմժ դառնա»,- ասաց Փաշինյանը: