«1992 թվականի մայիսի 18-ին Լաչինն ազատագրվեց: Լաչինի ազատագրումը մեծ ռազմական գործողություն է, չէ՞ որ սրա հետ միասին կորցնելու էինք ամբողջ Գորիսի շրջանը: Այն կոչվում է կյանքի ճանապարհ: Մենք կյանք ենք տվել Արցախին, որն էլ փրկվել է ոչնչացումից: Երբ ազատագրեցինք Լաչինը, այն նպաստեց Շուշիի գրավմանը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հետախույզ վետերանների միավորման» նախագահ Սուրեն Կարապետյանը:
Իսկ, թե ինչո՞ւ այն չի նշվում պաշտոնապես, պատասխանեց.
«Որովհետև այդ խմբում չեն եղել պետական կարկառուն դեմքերից: Պետական լափամանին մոտ չէինք, դրա համար մեր այս գործողությունը մնաց այսպես: Հո կուրծք չե՞ն ծեծելու, որ նշեն այս օրը: Այս և ևս մեկ հարցով, այն է՝ Լաչինի ազատագրման հետ ընդհանրապես կապ չունեցող տղաների հարցով դիմել ենք Արցախի նախագահին: Այսօր շատերի պատերազմի մասնակցի վկայականում գրված է, որ մասնակցել է Լաչինի ազատագրմանը: Ամոթ է, չի՛ կարելի պղծել ամենը»:
Խոսելով ապրիլյան պատերազմի ու կորցրած տարածքների մասին,Սուրեն Կարապետյանը նկատեց.
«Միակ սրբությունը բանակն էր, այն էլ սա էլ էին կերել: Լավ, ժողովուրդն էլ ի՞նչ անի: Ո՞նց կարող է տարածք կորցնես ու ասես, որ այն կարևոր նշանակություն չունի: Սա անբարոյականություն է: Լավ, բերենք օրինակ.Արծվաշենն ո՞ւմ հողն է, մերն է, չէ՞: Դե՛, վերցրեք, ինչո՞ւ եք թողել: Գնա՝ Արծվաշենը վերցրու, ընկե՛ր Խաչատուրով, դու ես դա հանձնել: Ամեն հայ մի կտոր հող կորցնելուց իր արժանապատվությունն է կորցնում: Նահատակված երեխաների համար պետք է պատասխան տանք»:
Անի Կարապետյան