ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր ԱԺ-ում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հարցրեց, թե ինչո՞ւ է պայմանագրային զինծառայողներից էլ գանձվելու 1000-ական դրամը և ինչո՞ւ ոչ մարտական գործողությունների ժամանակ սպանված զինածառայողներին էլ չի վերբերում այս նախագիծը:
Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ որպես պաշտպանության նախարար՝ իր համար շատ հարմար կլիներ ասել, որ պայմանագրային զինծառայողներն էլ պետք է չվճարեն. «Բայց պայմանագրային զինածառայողը ստանում է միջին աշխատավարձ և 1000 դրամով մասնակցում է իր կյանքի և առողջության ապահովագրմանը։ Սա մի երևույթ է, որն աշխարհի բազմաթիվ բանակներում կա։ Պայմանագրային զինածառայողների համար մի խնդիր արդեն լուծել ենք, առաջիկա օրերին ուժի մեջ կմտնի։ Պաշտպանության նախարարությունը երկար տարիներ ծխախոտ էր գնում պայմանագրային զինծառայողների համար և յուրաքանչյուր օր մարտական հերթապահությունն իրականացնելիս՝ մի տուփ նույն ծխախոտից բոլորին տալիս էր։ Որոշեցինք գումար տալ՝ հաշվի առնելով, որ կան չծխող կամ այլ ծխախոտ օգտագործող պայմանագրային զինծառայողներ»,-նշեց նախարարը:
Անդրադառնալով ոչ մարտական գործողությունների ժամանակ սպանված զինծառայողների խնդրին՝ Վիգեն Սարգսյանն ասաց.
«Ձեր առաջարկն ավելի շատ սոցիալական քաղաքականություն է։ Ոչ մարտական գործողությունների ընթացքում սպանված զինծառայողը բոլորովին այլ կարգավիճակ ունի, դա կարող է կապված լինել բազմաթիվ այլ հանգամանքներին հետ»։