▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմը մենակ մետրերով չի չափվում

Անընդատ մի բան եմ մտածում: Բա եթե, Աստված չանի, իրոք լուրջ եւ մեծ կորուստներ ունենայինք ճակատում, եթե իրոք լուրջ անհաջողություններ լինեին (պատերազմ է ու ոչ ոք երաշխավորված չի նաեւ լուրջ անհաջողություններից), բա էդ ժամանակ, ներքաղաքական նպատակներով կամ էլ գերտերությունների շահերը սպասարկողներն ի՞նչ էին ասելու, ի՞նչ չափի քարոզչական արշավ էին սկսելու: Իրականում պատերազմում պարտվում է ոչ թե մետրեր ու կիլոմետրեր, այլ դիմադրության կամքը կորցնողը: Պատերազմի նպատակը հենց հակառակորդի դիմադրության կամքը կոտրելն է (ւստ Կլաուզեվիցի սահմանման): Կարելի է կորցնել պայմանական 1000 մետր ու վերջո հաղթել, բայց կարելի է նաեւ 1 մետր կորցնելու հետո պարտվել՝ կախված դիմադրության ներուժից՝ նյութական թե հոգեւոր: Հիշեցնեմ, որ 1992-ի ամռանը կորցրել էինք Արցախի կեսը, եւ 92-ի սեպտեմբերին հյուսիսային ճակատն անցնում էր Գանձասարի մոտով, ու էն ժամանակ ո՛չ Քարվաճառ կար ազատագրված, ո՛չ էլ Աղդամ: Բայց երկու տարի անց լրիվ այլ վիճակ էր ճակատում.....: Պատերազմը մենակ մետրերով չի չափվում:

Ի հավելում նախորդ գրառմանս: Տպավորություն ունեմ, որ շատերը մոռանում են, իսկ նոր սերունդը գուցե նորմալ չգիտի էլ, որ 1990-ականների Արցախյան պատերազմը միայն փայլուն հաղթարշավների շարան չէր: Եղել են նաեւ ճգնաժամային պահեր, լուրջ պարտություններ, նահանջներ, կորուստներ....: Կարճ հիշեցնեմ ժամանակագրությունը: 1992-ի ամռան սկզբից՝ թուրքերի ուժեղ հարձակում, որի ըթնացքում ընկնում է Շահումյանի շրջանը, ապա Մարտակերտի շրջանի մի մասը: Դրան հետեւում է հայկական հակահարձակումը, որի ընթացքում վերագրավվում է Մարտակերտում կորցրածի մի մասը: Սրանից հետո էլ մինչեւ 92-ի աշուն նոր թուրքական հարձակում, որով նրանք նորից առաջ են շարժվում ու հասնում են Գանձասարի մատույցներ: Աշնանը ճակատաը համեմատաբար կայունանում է, բայց շարունակվում են թուրքերի առաջխաղացման փորձերն, այդ թվում Լաչինի ուղղությամբ: 
1993-ի փետրվար՝ հայկական հաջող գրոհ Մարտակերտի շրջանում՝ վերադարձվում է Մարտակերտի շրջանի մի մասը: Նույն թվականի գարուն՝ Քելբաջարի գործողություն, ապա ամռանն ու աշնան սկզբին մեկը մյուսի հետեւից ընկնում են Աղդամը, Ֆիզուլին ու Ջաբրայիլը, Ղուբաթլուն, Զանգելանը: Ազատագրվում է նաեւ Մարտակերտ շրջկենտրոնը: 
1993-ի ուշ աշուն-1994-ի ձմեռ՝ թուրքական նոր հարձակում, որի ընթացքում նրանց հաջողվում է մխճրվել Քելբաջարի շրջան, եւ որոշ առաջխաղացում ունենալ Ֆիզուլու ճակատում: 
1994-ի ուշ ձմռանն ու գարնանը նորից հայկական հակահարձակում՝ Քելբաջարը մաքրվում է թուրերից, եւ ազատագրվում Մարտակերտի շրջանի եւս մի մասն, այդ թվում Թալիշ գյուղը.....
Գրել եմ ըստ հիշողության, գուցե որոշ բաներ մի փոքր այս կամ այն կողմ շփոթել եմ, բայց ընդհանուր ըթնացքը պետք է որ ճիշտ հիշեմ: Ասածս այն է, որ պատերազմը մենակ հաւողություն ու հաղթանակ չէ, այլ նախ՝ դիմադրության կամք եւ ներուժ: Ու մենք ունեցել ենք դա, երբ լուրջ պարտություններից, նահանջներից եւ կորուստներից հետո, միեւնույն է՝ հաղթել ենք:

Հրանտ Տէր-Աբրահամեան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more