Օր օրի համոզվում ենք, որ մեր իրականության մեջ դեռ պահպանվում և զարգանում է սեփական անձի, իրավունքի, արժանապատվության և անկախության ամրապնդման համար կռիվ տվող երիտասարդների գաղափարական հենքը: Խոսքը բնականաբար այն մարդկանց մասին չէ, ովքեր ի վերջո փչացրեցին գեղեցիկ և դրական մթնոլորտը, որը ձևավորվել էր Բաղրամյան պողոտայում՝ էլէներգիայի թանկացման դեմ պայքար-ցույցի սկզբնական շրջանում: Ամենայն անկեղծությամբ պետք է ընդունենք, որ քաղաքացիական ակտիվությունը և դրա ճիշտ դրսևորումը շատ կարևոր է հատկապես մերօրյա իրականության համար: Ցավալին այն է, որ միշտ էլ հայտնվում են մարդիկ, ովքեր հեշտությամբ կարողանում են նավակի ճոճը ուժաղացնել կամ թուլացնել իրենց հարմար տարբերակով:
Այն ինչ կատարվեց հիշյալ ակցիաների նախնական շրջանում և այն ինչ շարունակվում է այսօր, լիովին տարբեր դրսևորումներ են:
Հասկանալի է, որ բողոքն ամբողջությամբ չի բավարարվել կամ այլ խնդիրներ կան, բայց արդեն նորմալ չէ, երբ ամեն օր քաղաքի կենտրոնական, բանուկ փողոցները կաթվածահար են լինում որևէ անհատի պոռթկումային ցանկությամբ: Դրան հաջորդում են խցանումներ, վարորդների դժգոհություններ, նույնիսկ բախումներ տվյալ փողոցը փակած ցուցարարների և որոշ վարորդների միջև. մեկը հիվանդանոց է շտապում, մյուսը գործից է ուշանում, երրորդը օդանավակայան և այսպես մեքենաների մի մեծ շարք, այն էլ նման շոգի պայմաններում:
Լավ դեռ համընդհանուր խնդիր ներկայացնող բողոքի պարագայում հասկանալի է, բայց օրինակ մարդկանց այն բողոքը, որը կապված է մասնավոր ընկերության՝ գործատու-աշխատող կամ հարևան-բարեկամի՝ միմյանց չհասկանալու հետ, ըստ իս արդարացի չէ դարձնել մյուսների համար առանց այն էլ բարդ առօրյա կյանքում ևս մեկ ՛՛դարդ՛՛:
Գուցե սխալվում եմ, բայց...եթե խախտվել են քո իրավունքները, քեզ չի լսում քո գործատուն, պետությունը, ապա դիմի դատարան, միջազգային ատյաններ և այլն: Ճանապարհները շատ են:
Մի թույլ տվեք, որ ձեր իրավունքների պաշտպանությամբ խախտեք մյուս քաղաքացիների իրավունքները: