Չի կարելի հեռատես համարել նրանց, ովքեր կարծում են, որ Միացյալ նահանգների նախաձեռնությամբ և միջազգային հանրության ջանքերով վերջին երկու տարիների ինտենսիվ բանակցություններից հետո վերջապես ստորագրված պայմանագիրը Պարսկաստանի հետ վատ հետևանքներ կունենա Արևմուտքի համար: Որոշներ պնդում են, որ IAEA (միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը) չի կարող այնքան հետևողական լինել, որ Պարսկաստանը միջուկային զենք չարտադրի և միայն ուրանը գործածի որպես էներգիայի աղբյուր:
Իհարկե բոլորս էլ գիտենք, թե ով է ամենաշատ աղմկողը, բայց բարեբախտաբար այս անգամ դա նշանակություն չունեցավ: Այս պայմանագիրը ԱՄՆ-ԽՍՀՄ ռազմական մրցավազքի դադարեցման պայմանագրից հետո առաջին, իրապես արդար գործնական քայլն է միջազգային հանրության կողմից, որը կառուցողական է և համախմբում է կլոր սեղանի շուրջ: Պայմանագիրը կնքվել է խիստ կշռադատված, և Պարսկաստանը ունի աննախադեպ հնարավորություն ազատորեն օգտվելու ատոմային էներգիայից:
Միջազգային հանրությունն իր աջակցությունն է առաջարկում, իսկ Պարսկաստանը պարտավորություն է ստանձնում զերծ մնալ ատոմային զենքից: Որոշումը միառժամանակ դադարեցնում է Պարսկաստանի մեկուսացումն ու հնարավորություն տալիս ազատորեն քաղաքական, առեւտրատնտեսական կապերը վերականգնել աշխարհի հետ: Իհարկե այս պայմանագիրը տնտեսական և քաղաքական առումներով զգալի նշանակություն կունենա նաև Հայաստանի համար: Հարևան ենք վերջապես: