Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է:
«Ջրային, կլիմայական և ռեկրեացիոն ռեսուրսների միջազգային գիտահետազոտական կենտրոն» հ/կ նախագահ Թրահել Վարդանյանի փաստմամբ՝ դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանը միջին ջրապահովածության երկիր է և, այսօր ունենք այնքան ջուր, որ կարող ենք ոչ միայն մեր պահանջները բավարարել, այլ արտահանել հարևան երկրներ.
«Կա օրենդրական դաշտի սխալ մոտեցում: Երկրում ունենք ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիր: Ունենք նաև լավ երիտասարդ կադրեր: Աշխարհագրության ֆակուլտետը միակ տեղն է, որտեղ ջրաօդերևութաբաններ էին պատրաստում, բայց, ցավոք, արդեն երկրորդ տարին է՝ այդ բաժինը փակվել է և չգիտեմ, թե հետագայում որտեղից են մասնագետներ բերելու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թրահել Վարդանյանը:
Բնապահպան Սիլվա Ադամյանն էլ անդրադարձավ հանքարդյունաբերության ոլորտին, կենցաղային աղբին, որոնք վտանգավոր են ջրային ռեսուրսների համար.
«Հանքարդյունաբերողների 90 տոկոսը արտանետումները լցնում է գետերը: Անցած տարի նկարահանվել էին, թե ինչպես են Ախթալայի կոմբինատից գիշերվա կեսին արտանետումները դուրս բերում ու գետը լցնում: Էլ չեմ խոսում Արարատյան հարթավայրի խորքային ջրերի իրավիճակի մասին, թե ինչպես ոչ պլանավորած սպառումը հանգեցրեց նրան, որ ջրի հետ կապված այնտեղ լուրջ խնդիր ունենանք:
Գետերն աղտոտվում են նաև կենցաղային աղբով: Տեսեք, թե հենց Երևանում ինչ է կատարվում: Գետառը փակվեց, Հրազդանի ափին էլ հազարավոր օբյեկտներ են, որտեղից էլ աղբը լցնում են գետը: Հետ չեն մնում նաև այնտեղ հանգիստը վայելողները: Ով ինչ տեսնում՝ գետն է լցնում»,-նկատեց բնապահպանը:
Անի Կարապետյան