«GALLUP International association»-ը հրապարակել է ՀՀ բնակչության շրջանում նոյեմբերի 2-16-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հարցումների արդյունքները:
«Եթե ԱԺ ընտրությունները լինեին մոտակա կիրակի օրը, ո՞ւմ ձայն կտայիք հարցին 14.9 տոկոսը հրաժարվել է պատասխանել, դժվարացել է պատասխանել 13.1 տոկոսը, ոչ մեկին՝ ասել է 18.2 տոկոսը: «Քաղաքացիական պայմանագրին» պատրաստ է ձայն տալ 2.4 տոկոսը, «Նոր Հայաստան» 1.9, «Համախմբում» 0.1, ՀՀԿ-ին՝ 19.5 տոկոսը, ՕԵԿ-ին 1.2 տոկոս, ՀԺԿ-ին՝ 0.5, ՀՅԴ-ին 3.4, ՀԱԿ-ին՝ 1.4, «Լուսավոր Հայաստան»-ին՝ 0.8, «Ժառանգության»-ը 3 տոկոս, ԲՀԿ-ին 18.4, «Ալյանս»-ին՝ 0.5, «Ազատ դեմոկրատներ»-ին էլ 0.3 տոկոսը:
Նկատենք մի բան՝ Երևանում առաջատարը ՀՀԿ-ն է, իսկ մարզերում ԲՀԿ-ն որոշ չափով առաջ է անցնում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով հարցման արդյունքները՝ նշեց ասոցացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Նրա փոխանցմամբ՝ ո՞ր կուսակցություններն են ընդդիմադիր հարցին էլ 3.6 տոկոսը պատասխանել է՝ «Նոր Հայաստան», 3.5 տոկոսը՝ «Քաղաքացիական պայմանագիր» , 3.2 տոկոսը՝ ՀԱԿ և 3.1 տոկոսը՝ «Ժառանգություն»:
Իսկ, թե ո՞ր քաղաքական գործիչներն են ընդդիմադիր հարցին բնակիչները պատասխանել են՝ Ժիրայր Սեֆիլյանը, Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Լևոն Զուրաբյանը:
ՀՀ քաղաքացիները պատասխանել են նաև «Սասնա ծռեր»-ին վերաբերող հարցերին. «Ի՞նչ եք կարծում, ո՞րն էր նրանց գործողությունների հիմնական դրդապատճառը հարցին 46 տոկոսը նշել է՝ երկրում անարդարության մթնոլորտի առկայության, 41 տոկոսը՝ ծանր սոցիալ-տնտեսական վիճակի, 32 տոկոսը՝ իշխանափոխություն իրականացնելու այլընտրանքի բացակայությունը, 21 տոկոսն էլ նշել է, որ ԼՂՀ հակամարտության գործընթացում ոչ հայանպաստ լուծումների կանխատեսումը, 10 տոկոսն էլ, թե սա արտաքին ուժերի կողմից իրականացված պատվեր էր»:
Ըստ ձեզ՝ ՀՀ-ում ի՞նչ եղանակով պետք է իշխանափոխություն տեղի ունենա հարցին էլ 6.5 տոկոսը դժվարացել է պատասխանել, 7.5 տոկոսը նշել է՝ զինված հարձակման միջոցով, 20.7 տոկոսը՝ խաղաղ ցույցերի, 25.1-ը՝ հզոր ընդդիմություն ձևավորելու, 59.6 տոկոսն էլ՝ արդար ընտրությունների միջոցով:
Անի Կարապետյան