▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞նց ես կարողացել այս ճահիճում ու մրի մեջ այսքան մաքուր ու անաղարտ մնալ, աղջի'կ

Երեկ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ գրական-երաժշտական երեկո՝ «Փարոսները հայտնի և անհայտ» խորագրով՝ նվիրված Պոեզիայի միջազգային օրվան:

Ընթերցեցին թե՛ ժամանակակից գրականության կայացած, թե՛ այդ դաշտ նոր մուտք գործող երիտասարդ գրողների գործերը. Լևոն Բլբուլյան, Հուսիկ Արա, Սոնա Վան, Ղուկաս Սիրունյան,  Նանե, Խաչիկ Մանուկյան, Էդուարդ Հարենց, Նոնա Պողոսյան, Անի Տեր-Գուլանյան, Բենիկ Ստեփանյան, Նարինե Ավագյան, Առնելա Այվազյան, Ինգա Իսահակյան:

Հնչեցին նաև երգեր՝ գրված բանաստեղծներ Լևոն Բլբուլյանի և Նոնա Պողոսյանի տողերի հիման վրա:

Հեղինակներից շատերն անձամբ կարդացին իրենց բանաստեղծությունները: Ստորև՝ Հուսիկ Արայի բանաստեղծությունը.

Մենանվագ Աննային

Հանգիստ, հանգիստ երկրի բոլոր անիվներին։
Իմ վերջին ու չմեկնող գնացքն է քո կայարանում.
պահպանիր մեկվագոն ու անշչակ վերջինիս՝
թեկուզ գծեր ու կամուրջ ավերելու կորուստով։
Խելքս հացի հետ չեմ կերել,
որ գարնան այս տաք օրվա մեջ նստեմ
ու թիվը հաշվեմ մեկնած գնացքներիս.
միայն թե, աղջիկս, ձեռքով արա,
նրանք հեռվում մենակ են ու անվերադարձ։
Հանգիստ, հանգիստ երկրի բոլոր անիվներին։

Իմ բաժինը՝ օրը օրի, և վատնել եմ աջ ու ձախից,
ամեն շրջադարձում թողել եմ կին ու սիրո լիքը երկինք,
աստղերի թիվը ստույգ գիտեմ ու անսխալ,
և միակ անգամն է, որ սիրում եմ ինձնից էլ շատ։

Որևէ բան չունեմ քեզնից պահանջելու
ու չեմ պարտադրում՝ իմը լինես,
չեմ էլ փորձի՝ սիրում եմ, ասել երբեք։
Թույլ տուր խոսեմ տրորվող խոտի,
աշնանից մնացած տերևների մեռնելուց,
մի քիչ էլ խիղճս տանջեմ՝ հանուն որբ ու անտեր շների
և տրորվածի ու մեռնողի, մենակ խղճի արանքում
բառը ուղղեմ հարցականով.
-Ո՞նց ես կարողացել այս ճահիճում ու մրի մեջ
այսքան մաքուր ու անաղարտ մնալ, աղջիկ։

Հայտնությունդ իմ փակ օրվա անակնկալն էր,
ինչպես գործելն է հանգած հրաբխի,
երբ սրտի հետ փակել էի պարտք ու հաշիվ.
կյանքում մեկ անգամ է լինում այդպես,
երբ գտնում ես խաղդ, բայց չես հասցնում շահել։

Ես որ բառ եմ տաշել, գերանակապել եմ տող,
և գրքերում չկա ինձ զարմացնող ոչինչ,
տողն եմ հարցականով ուղղում քեզ.
ոնց ես կարողացել այս մրի մեջ ու ճահիճում
այսքան մաքուր ու անաղարտ մնալ, աղջիկ։

Իմ վերջին ու չմեկնող գնացքն է քո կայարանում,
հրաժեշտի ձեռքով չանես միավագոն ու անշչակ վերջինիս՝
թեկուզ գծեր ու կամուրջ ավերելու կորուստով։
Հանգիստ, հանգիստ երկրի բոլոր անիվներին։

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more